Սիրիայի կառավարական ուժերի ավիահարվածների հետևանքով Դամասկոսի մերձակայքում 35 քաղաքացի է զոհվել

18:51 • 06.02.18

Դամասկոսի մերձակայքում սիրիացի ապստամբների վերահսկողության տակ գտնվող պաշարված տարածքում կառավարական ուժերի կողմից երեքշաբթի իրականացված ավիահարվածների հետևանքով 35 քաղաքացի է զոհվել:

Ինչպես հայտնում է Agence France Presse-ը, հրթիռակոծությունը տեղի է ունեցել մեկ այլ արյունալի ռմբակոծությունից մեկ օր անց, որի հետևանքով Արևելյան Գուտա բնակավայրում 31 մարդ էր զոհվել: Մինչդեռ ՄԱԿ-ը հրադադարի խնդրանքով դիմել էր երկրի ղեկավարությանը, որպեսզի կարողանա հումանիտար օգնություն հասցնել 7 տարվա պատերազմական իրավիճակում գտնվողներին:

Նշվում է, որ մարտեր են տեղի ունենում նաև Իդլիբ նահանգում, որտեղ ՄԱԿ-ի գնահատականով բռնությունը «ծաղրուծանակի է ենթարկում» դեէսկալացիոն գոտիների մասին անցյալ տարի ձեռք բերված պայմանագիրը, որը պետք է տաներ դեպի պատերազմի ավարտ:

Արևելյան Գուտան, որը ևս դեէսկալացիոն գոտու մի մաս է կազմում, հրթիռակոծման է ենթարկվել Վաշինգտոնի՝ ռազմական գործողությունների անցնելու սպառնալիքից հետո՝ կապված 2013-ին տարածաշրջանում քիմիական զենք կիրառելու մեղադրանքների հետ: