Գևորգ Պետրոսյանը կոչ արեց չընդունել կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու որոշումը. ԱԺ հայտարարություններ (ուղիղ)

17:09 • 06.02.18

ՀՀ կառավարությունը չի զլանում ամեն օր տարբեր անակնկալներով զայրացնել ու զարմացնել մեր ազգաբնակչությանը. ԱԺ հայտարարությունների ժամին նշեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով Կառավարության վերջին՝ իր իսկ խոսքով՝ աղմկահարույց որոշմանը, համաձայն որի՝ այսուհետև կառավարության նիստերը պետք  է անցկացվեն դռնփակ:

Պետրոսյանը հետաքրքրվեց. «Այդ ումի՞ց են ինչ ուզում թաքուն որոշել»:

Ըստ պատգամավորի՝ կառավարության էությունը ԱԺ օրենքները կյանքի կոչելն է: «Եթե ԱԺ-ն հրապարակային է, ինչո՞ւ է կառավարությունը գաղտնի ուզում կյանքի կոչել այդ ամենը»,-ասաց նա:  

Պատգամավորը նշեց, թե հիմնավորումներից մեկն այն է, թե եթե ընտանիքում ամուսինները վիճում են, որքանով է ճիշտ, որ վեճին մասնակցի երրորդ կողմը: Պետրոսյանի համար զարմանալի է՝ այդ երբվանի՞ց են կառավարության վեճերն անձնական:   

«Նույն աղբյուրի երկրորդ հիմնավորումն է, թե դռնբացը հակաժողովրդավարական է… բա ո՞ւր էիք դուք, երբ կառավարությունը տասը տարի հակաժողովրդավարական հարցեր էր քննարկում»,-հարցրեց նա:

Մեկ այլ հիմնավորում էլ, ըստ նրա, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն էր «միամիտ» դեմքով տվել, թե Գերմանիայում ևս նիստերը  դռնփակ են: Գևորգ Պետրոսյանը հորդորեց, որ եվրոպական փորձը չմեջբերել այն ժամանակ, երբ իրենց պետք է հիշեցրեց, թե Գերմանիայում ինչ օրենքներ են գործում:

«Գերմանիայում մանկավարժը, գիտնականը սոված չէ, ԱԺ բակում մուրացկաններ չեն շրջում ու հետապնդում պատգամավորներին»,-ասաց նա և նշեց, որ բոլորին առաջարկում է լինել ողջամիտ և կոչ է անում չընդունել այդ դիրքորոշումը: