Թուրքիայի հայ համայնքի ղեկավարները հրավիրվել են Ստամբուլի նահանգապետարան՝ արտահերթ խորհրդաժողովի, մասնակցելու է նաև ՆԳ նախարարը
Թուրքիայի հայ համայնքի հիմնադրամների ղեկավարները հրավիրվել են Ստամբուլի նահանգապետարան՝ երկրի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի մասնակցությամբ արթահերթ խորհրդաժողովի մասնակցելու համար:
Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօս»-ը, հրավիրվածների թվում է նաև Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունների կազմակերպմամբ զբաղվող նախաձեռնող խմբի խոսնակ, փաստաբան Սեպուհ Ասլանգիլը:
Ժողովի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում, ենթադրվում է, որ քննարկման հիմնական թեման է լինելու Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունների շուրջ առաջացած ճգնաժամը:
Ինչպես ավելի վաղ հայտնել է tert.am-ը, այսօր հայտնի է դարձել, որ պատրիարքի ընտրությունների կազմակերպմամբ զբաղվող նախաձեռնող խումբը դատի է տվել Թուրքիայի ՆԳՆ-ին: Նախաձեռնող խումբը 2017 թվականի օգոստոսին պատրիարքի ընտրությունների կազմակերպման հարցով նամակ էր հղել երկրի ՆԳՆ, սակայն մինչ օրս պատասխան չի ստացել:
Ամիսներ շարունակ սպասելուց հետո հայ համայնքի՝ իրենց պատրիարքին ինքնուրույն ընտրելու իրավունքը չկորցնելու համար նախաձեռնող խմբի անդամները որոշել են դատարան դիմել՝ հայց ներկայացնելով ՆԳՆ-ի դեմ:
Հիշեցնենք, որ 2016թ.-ի հոկտեմբերի 26-ին Պոլսո Հայոց պատրիարքարանը հայտարարել է 9 տարի շարունակ կոմայի մեջ գտնվող պատրիարք Մեսրոպ Մութաֆյանին անգործունյա ճանաչելու որոշման մասին, ինչը ենթադրում է նոր պատրիարքի ընտրության մեկնարկ, որի համար անհրաժեշտ էր նախ ընտրել Պոլսո Հայոց պատրիարքի նոր տեղապահ, որը կղեկավարեր ընտրական գործընթացը:
2017թ.-ի փետրվարին Էջմիածնում կայացված որոշման համաձայն՝ մարտի 15-ին Ստամբուլում տեղի ունեցավ Պոլսո Հայոց պատրիարքի նոր տեղապահի ընտրություն: Ընտրություններում Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին հաղթած Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը, չնայած Աթեշյանի ու պետության կողմից միջամտություններին, ստանձնեց Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի պաշտոնը և արդեն ձեռնամուխ է եղել պատրիարքի ընտրությունների կազմակերպմանը։










