Բազմազավակ ընտանիքների 70%-ն աղքատ է. այս ընտանիքների շատ աղջիկներ 14-15 տարեկանում արդեն ամուսնանում են. Մարգարիտա Հովսեփյան (տեսանյութ)

20:08 • 06.02.18

«Բազմազավակ մայրերի աջակցության միավորում» ՀԿ-ի նախագահ, իրավաբան Մարգարիտա Հովսեփյանին ուրախացնում է այն հանգամանքը, որ ի վերջո ՀՀ-ում մշակվել և քննարկման է դրվել «Բազմազավակ ընտանիքների» մասին օրենքի նախագիծը: Նա Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենց ՀԿ-ն էլ է մասնակցել նախագծի քննարկումներին, և ինքը կարող է հավաստել, որ մեծ ու կարևոր աշխատանք է կատարվել: Միևնույն ժամանակ նա շեշտեց, թե պետք է հստակ գիտակցել, որ այս օրենքի նախագծով բազմազավակ ընտանիքների խնդիրը մեկ շաբաթում չի կարգավորվելու:

«Ողջունելի է, որ օրենքը մշակվեց, քանի որ մինչ այս մենք չունեինք բազմազավակ ընտանիքիների մասին օրենք, իսկ եթե չկա օրենք, ապա դաշտը որևէ ձևով կարգավորվել չէր կարող, քանի որ նույնիսկ սահմանում չկար, թե որ ընտանիքն է համարվում բազմազավակ: Այստեղից շատ խնդիրներ էին առաջանում, որովհետև 3 երեխա ունեցողներն էլ իրենց բազմազավակ  համարում: Կցանկանայի, որ բոլորը գիտակցեին, որ այս օրենքը մեկ շաբաթում բոլոր խնդիրները կարգավորել չի կարող, չսպասեն, որ այս պահին օրենքն օրինական ուժի մեջ մտնի ու մեկ շաբաթ հետո իրենց  բոլոր հարցեր կկարգավորվի»,-ասաց նա:

Մարգարիտա Հովսեփյանի գնահատմամբ՝ բազմազավակ ընտանիքներին հարկավոր է, որ առաջին հերթին լուծվի կեցության վայրի ու զբաղվածության հարցը, քանի որ բազմազավակ ընտանիքների 70 տոկոսն ապրում է անապահովության նպաստով: Ըստ նրա՝ բազմազավակ ընտանիքների հիմնական մասը զրկված է կենցաղային տարրական պայմաններից: Ինչ վերաբերում է դիտարկմանը, թե նախագծով բազմազավակ ընտանիքներն արտոնյալ պայմաններով վարկ կտրամադրվի կենցաղային առաջնային նշանակության իրեր գնելու համար, Հովսեփյանն ասաց, թե այս դրույթը կարող է հակառակ ազդեցությունն ունենալ:

«Միանշանակ  կդժվարացնի, քանի որ ես չեմ կարողանում պատկերացնել, թե  նախագծում այդ դրույթն ինչպես է աշխատելու,  ո՞վ է հաշվարկելու: Ընտանի՞քն է ներկայացնելու, թե այս պահին իրենց ինչ է հարկավոր՝ կահույք, տեխնիկա, թե կրթություն: Եթե պետք է դա ընտանիքը որոշի, կարծում եմ՝ սխալ հաշվարկ կլինի, և ընտանիքը որևէ անհրաժեշտ օգնություն չի կարողանա ստանալ: Եթե բազմազավակ ընտանիքների 70 տոկոսն ապրում են զուտ անապահովության նպաստի  հույսով, իրենք ինչպե՞ս կարող են վարկ վերցնել ու բնակարանային պայմանները բարելավել»,- ընդգծեց Մարգարիտա Հովսեփյանը:

Վերջինը նկատեց, որ բազմազավակ ընտանիքներ կան, որ հետագայում իրենց երեխաներին հանձնում են խնամքի հաստատություններ, քանի որ չեն կարողանում հոգալ նրանց խնդիրները: Նա ցավով արձանագրեց, որ շատերի համար երեխան զուտ հավելյալ նպաստ ստանալու աղբյուր է:

«Բազմաթիվ ընտանիքներում բացակայում են տարրական պայմանները, և նման պայմաններում երեխա ունենալը, կարելի է ասել, անթույլատրելի է: Սակայն նրանք շարունակում են ունենալ երեխաներ,  որովհետև իրենք որևէ այլ կերպ չեն պատկերացնում, թե ինչպես կկարողանան ֆինանս հայթայթել, որպեսզի իրենց  տարրական հարցերին կարողանան լուծում տալ: Եթե  ընտանիքը խիստ աղքատ վիճակում է, ապա երեխայի ծննդյան ժամանակ տրվող նպաստն իրենց համար մեծ գումար է: Այդ ժամանակ չեն հաշվարկում, որ երեխայի ծննդով ընտանիքն ավելի մեծ ֆինանսական դժվարությունն է ունենալու»,- հավելեց նա:

Հովսեփյանը նշեց, որ այս ընթացքում բազմազավակ ընտանիքների հետ աշխատելու իր փորձը ցույց է տվել, որ բազմազավակ աղքատ ընտանիքների երեխաները վաղ տարիքում են ամուսնանում: Ըստ նրա՝ կենցաղային վատ պայմաններից փախչելու համար շատ բազմազավակ ընտանիքի աղջիկներ 14-15 տարեկանում արդեն իսկ ամուսնանում են: Մարգարիտա Հովսեփյանը հավելեց, որ «Բազմազավակ ընտանիքների» մասին օրենքի նախագծում դեռևս շատ բաց տեղեր կան, սակայն հույս հայտնեց, որ օրենքի ընդունումից հետո կլինեն հստակ կարգավորումներ:


Մանրամասները՝ տեսանյութում:

ՀեղինակԱնի Օհանյան