ԱԺ-ն քննարկում է համայնքների համագործակցության միավորումներ ստեղծելու նախագիծը (ուղիղ)
ԱԺ-ում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացվեց «Միջհամայնքային միավորումների մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը նշեց, որ նախագծով սահմանվում է միջհամայնքային միավորման հասկացությունը, մարմինները, գործունեության կարգը, լիազորությունները և դրանց իրավական, տնտեսական, ֆինանսական հիմքերն ու երաշխիքները:
«Համայնքների համագործակցության ձևի մասին խոսում ենք շատ երկար, մենք մշտապես երկրի և՛ Սահմանադրության, և՛ օրենքներով փորձել ենք միջհամայնքները, որպես ինստիտուտ, ամրագրել, բայց անընդհատ փաստել ենք, որ, այնուամենայնիվ, իրականության մեջ միջհամայնքային միավորումները սպասված արդյունավետությամբ չեն ձևավորվել և առավել ևս չեն գործել»,-ասաց նա:
Ըստ Տերտերյանի՝ Սահմանադրության փոփոխությամբ սահմանվել են միջհամայնքային միավորումները: «Սահմանվել են որպես ձևավորման երկու հնարավորություն ունեցող կառույցներ՝ մեկը կամավոր նախաձեռնության պայմաններում, մյուսը՝ հանրային շահերից ելնելով՝ կառավարությունն իր օղակներով կկարողանա ձևավորվել»,-ասաց նա:
Նշենք, որ նախագծով՝ միջհամայնքային միավորումը տեղական ինքնակառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով կամ հանրային շահերից ելնելով ստեղծված համայնքների միավորում է, որն իրականացնում է օրենքով կամ համայնքների ավագանիների որոշումներով իրեն վերապահված լիազորությունները:
Տարբեր համայնքային խնդիրների լուծման նպատակով համայնքը կարող է ընդգրկվել մեկից ավելի միավորումների մեջ:










