Հարավային Օսիայի բանակի ստորաբաժանումները կընդգրկվեն ՌԴ զինված ուժերի կազմում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Ռուսաստանի զինված ուժերի կազմի մեջ այդ հանրապետության առանձին ստորաբաժանումների ընդգրկվելու կարգին առնչվող՝ Հարավային Օսիայի հետ համաձայանգրի վավերացման մասին օրենքը: Փաստաթուղթը հրապարակվել է ՌԴ իրական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային պորտալում, գրում է kommersant.ru-ն:
Հիշեցնենք, որ ՌԴ զինված ուժերի կազմում Հարավային Օսիայի առանձին ստորաբաժանումների ընդգրկվելու մասին համաձայնագիրը երկու երկրները ստորագրել են 2017 թվականի մարտի 31-ին՝ 2015 թվականի մարտի 18-ին ստորագրված դաշինքի և ինտեգրման մասին պայմանագրի հիման վրա:
ԱՄՆ պետքարտուղարությունն իր դժոգոհությունն է հայտնել ՌԴ պետդումայի կողմից համաձայնագրի վավերացման առնչությամբ:
Ինչպես նշել է գերատեսչության ներկայացուցիչ Հիզեր Նոյերթը, այդ համաձայնագրի վավերացումը համատեղելի չէ սկզբունքների հետ, որոնք ընկած են «Վրաստանում հակամարտության վերաբերյալ Ժնևյան միջազգային քննարկումների հիմքում, որոնց մասնակցել է Ռուսաստանը»:










