Թռչնամսի դրոշմապիտակավորումը ողջ ԵԱՏՄ-ում միայն ՀՀ-ում է նախատեսվում, սա լրացուցիչ ծախսեր է առաջացնելու, որը կբերի թանկացման. Ս. Ստեփանյան
Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունները, որով նախատեսվում է թռչնամսի ոլորտում ակցիզային հարկի կիրառում, դժգոհություն են առաջացրել բոլոր թռչնամիս արտադրողների մոտ. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը:
«Մինչև հիմա թռչնամիսը ակցիզային հարկով չի հարկվել և չի պիտակավորվել դրոշմապիտակով: Այս նորույթը ամբողջ ԵԱՏՄ-ում միայն Հայաստանն արեց»,-ասաց Ստեփանյանը:
Նա նշեց, որ ներկայացված պահանջները մի շարք դժվարություններ, լրացուցիչ ծախսեր են առաջացնելու թռչնամսի արտադրության ոլորտում:
«Առաջացել են հետևյալ դժվարությունները. նախ լրացուցիչ ծախսեր՝ աշխատուժ, համակարգին միացնող: Մոտավորապես մեկ օրվա կտրվածքով ասենք 5 000 գլուխ մորթ կատարելու դեպքում լրացուցիչ առնվազն 6-7 մարդ է անհրաժեշտ, որ պիտակավորումը կատարի, համակարգի մեջ ուղարկի և այլն և այլն: Գումարած դրան՝ նոր տարածք է անհրաժեշտ տեխնոլոգիական պրոցեսի ընթացքում, որը մենք չենք նախատեսել: Սննդի անվտանգության պետական ծառայությունը շատ խիստ պայմաններ է դրել և փետրվարի 1-ից ստուգում է այդ պայմանները, այսինքն` դուրս է գալիս, որ այդ լրացուցիչ մարդիկ պետք է գործ ունենան մսի հետ, որը մենք չենք նախատեսել: Այն մարդիկ, որոնք մսի հետ գործ ունեն, նրանք առանձին անցել են բժշկական զննում, թույլտվություն են ստացել: Հիմա պատկերացնո՞ւմ եք՝ նոր, ծախսեր, նոր պրոցես»,-ասաց Ստեփանյանը:
Ստեփանյանի խոսքով՝ բարդություններ կան նաև տեխնիկական գործընթացում, մասնավորապես դրոշմապիտակը թռչնամսին փակցնելը, ըստ նրա, տեխնիկապես հնարավոր չէ: Նա տեղեկացրեց, որ նամակով դիմել են ՊԵԿ նախագահին, որում նաև այդ մտահոգությունն են հայտնել:
«Հնարավոր չէ թարմ մսի վրա պիտակ փակցնել: Իսկ սառեցված մսի դեպքում, մինչև սառնարան դնելը պիտակը կպցնում ենք, հանում ենք սառնարանից, պիտակը վրայից ընկնում է: Բա օրենք ընդունես, մի հատ չգաս, տեղում նայես՝ իրո՞ք հնարավոր է դրա իրականացումը թե ոչ: ՊԵԿ նախագահ Վախթանգ Միրումյանին նամակ ենք գրել, որ խնդրում ենք՝ թռչնաբուծության վերաբերող ցանկացած նոր բան, որ օրենքի մեջ մտցնում եք, մեզ նախապես տեղյակ պահեք, այդ նախագիծը, մենք գանք, ձեզ մոտ քննարկենք, որ վաղը չէ մյուս օրը խնդիրներ չառաջանան: Թարմ թռչնամսի վրա դրոշմապիտակի չփակցնելու հարցում եկել ենք համաձայնության, բայց գրավոր որևէ փոփոխություն չկա, մնաց սառեցված մսի հարցը լուծենք»,-ասաց Ստեփանյանը:
Նա նաև նշեց, խիստ տուգանքներ են նախատեսվում թռչնամսի վրա դրոշմապիտակի բացակայության դեպքում:
«Մենք կիլոգրամով ենք վաճառում թռչնամիսը, ոչ թե հատով: Սա գարեջրի կամ սպիրտի շիշ չի, որ մի հատ կպցնես վրան, ասես՝ վերջ: Այդ թռչնամիսը մինչև սպառողին հասնում է, քաշային որոշակի փոփոխություններ է լինում: Մեկ հատի մեջ կարող է մինչև 3-4 տոկոս փոփոխություն լինել, որը կանոնակարգով նախատեսված է: Դուք պատկերացրեք, մի խանութ ուղարկում ես 300 հատ, արդեն լուրջ փոփոխություն է լինում: Այդ դեպքում հարկայինը ցանկացած խանութ կարող է մտնի, կշռի, տեսնի՝ այդ տիրույթում չի համապատասխանում գրած քաշը իր պիտակին և տուգանքը դնի»,-ասաց Ստեփանյանը:
Tert.am-ի դիտարկմանը, թե արդյո՞ք լրացուցիչ ծախսերը չեն հանգեցնի տեղական թռչնամսի գնի բարձրացման, Ստեփանյանն ասաց. «Ինքնարժեքը պիտի բարձրանա: Դե հիմա դրել ենք, որ հաշվենք, ինչքան է թանկացումը գնում: Բա, եթե միայն 6 հոգու ընդունում ենք աշխատանքի, աշխատավարձ ենք սահմանում, ամեն հերթափոխի սպասարկման համար, եթե նույնիսկ 80 հազարով հաշվեմ կամ նվազագույն աշխատավարձով, տեսեք, որ արդեն թանկանում է: Հազիվ մենք դիմանում ենք ԵԱՏՄ-ի մրցունակությանը, իջեցրել ենք թռչնամսի գինը»:
Ստեփանյանը նաև ընդգծեց, որ վերջին հինգ տարվա մեջ թռչնամիսը միակ սննդամթերքն է, որ գնաճի չի ենթարկվել, և այսօր նորից թռչնամսի գինը շուկայում նվազել է:
«Դա նշանակում է, որ մենք կարողանում ենք շատ արտադրել, և կառավարությանը ապացուցել, որ ներկրվող սառեցված, ոչ որակով թռչնամիսը փոխարինում ենք տեղականով: Կառավարությանը մենք ասում ենք՝ դուք ասում եք ներկրվողը փոխարինեք տեղականով, ֆինանսական աջակցություն ցույց չեք տալիս, դե գոնե մեզ մի խանգարեք, գոնե վարչական ձևով օգնեք, էս ի՞նչ եք անում: Մենք ինքնարժեք ենք իջեցնում, որ մեր ապրանքը վաճառվի, դուք ինքնարժեք եք բարձրացնում, այսինքն` վերահսկման և կարգավորման այնպիսի գործիքներ դրեք, որը չխանգարի արտադրությանը, ինքնարժեքին»,-ասաց նա:
Նա նշեց, որ ծրագիր են պատրաստել, որով հնարավոր կլինի նվազեցնել թռչնամսի ներկրումը և տեղական արտադրությունը հասցնել 50 տոկոսի՝ միաժամանակ գին չբարձրացնելով: Ծրագիրն արդեն ներկայացրել են Գյուղատնտեսության նախարարությանը:










