Գերմանիայում համաձայնեցվել է կոալիցիոն պայմանագիրը. Spiegel
Այսօր առավոտյան Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի Քրիստոնեադեմոկրատական միություն/Քրիստոնեասոցիալական միություն դաշինքը և Մարտին Շուլցի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունն ավարտել են բանակցությունները՝ համաձայնեցնելով կոալիցիոն կառավարության վերաբերյալ պայմանագիրը: Այս մասին հայտնում է Spiegel-ը:
Աղբյուրի տվյալների համաձայն՝ կառավարությունում բաշխվել են պատասխանատվության գոտիները. մասնավորապես, սոցիալ-դեմոկրատներին վստահվել է ղեկավարել Արտգործնախարարությունը և Ֆինանսների նախարարությունը:
Նշվում է, որ Անգելա Մերկելի ու Մարտին Շուլցի կուսակցությունները նպատակ ունեին ավարտին հասցնել բանակցությունները դեռ կիրակի. երկուշաբթին ու երեքշաբթին նախատեսվում էր թողնել որպես լրացուցիչ օրեր, սակայն կողմերը համաձայնության եկան միայն այսօր:
Այժմ մոտ 450 հազար սոցիալ-դեմոկրատներ պետք է իրենց համաձայնությունը տան պայմանագիրը վերջնականապես կնքելու համար: Կուսակցության անդամների որոշման համար նախատեսվում է մոտ երեք շաբաթ:
Աղբյուրի հաղորդմամբ՝ միայն այս որոշման արդյունքում կարող է ստեղծվել նոր կառավարությունը:










