Ոչ, ես կաշկանդվածություն չունեմ. Ա. Մինասյանը՝ կառավարության դռնփակ նիստեր անցկացնելու մասին (տեսանյութ)
Կաշկանդվածություն, բնականաբար, չի կարող լինել: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն՝ անդրադառնալով Կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու նախագծին: Միևնույն ժամանակ նա շեշտեց, թե լուրջ խնդիր կա կառավարության գործունեության լուսաբանման հետ կապված. Մինասյանը գոհ չէ լրագրողների աշխատանքից:
«Եթե անկախ դիտարկենք այն հրապարակումները, որոնք որ կառավարության նիստերից ներկայացվում են նույն լրագրողների միջոցով, ապա շատ քիչ դեպքեր կտեսնես, որ քննարկվող հարցը ներկայացվում է, ավելի շատ ձևի կամ նախարարի ու վարչապետի պահվածքի ու արտահայտության մեկնաբանություն է, դա վնասում է նույն հանրությանը: Պատկերացրեք, եթե ինչ-որ կարևոր բան է քննարկվում, բայց բանավեճի կամ քննարկման ժամանակ մոռացվում է հարցի էությունը և ներկայացվում է, թե նախարարին ինչ ձևով ներկայացրեց, ստացվում է, որ այդ նախագծի էությունն աղավաղվում է, իսկ հանրությունը չի դառնում այդ փոփոխությունների կրողը»,- ասաց Մինասյանը:
Նախարարը կարծում է, որ որևէ նախարար չի կարող փակ լինել նույնիսկ այն ժամանակ, երբ նիստերը փակ լինեն: Նրա գնահատմամբ՝ որևէ նախարար չի կարող Կառավարության գործունեությանը հակադրվող հրապարակային խոսք ասել:
«Դրա լուծումը շատ պարզ է, եթե դու հակադրվում ես, պետք է թողնես Կառավարությունը: Այսինքն՝ քո տեսակետ ներկայացնելուց հետո, եթե որոշում է ընդունվում ու դու չես կատարում, հրապարակային էլ հակադրվում ես, դրա պարզ ու քաղաքակիրթ լուծումն այդ կառավարությունից հրաժարվելն է»,- ընդգծեց նախարարը:
Արծվիկ Մինասյանը շեշտեց՝ Կառավարությունը կոլեկտիվ որոշումների կայացման վայր է, որտեղ կարող են լինել տարբեր տեսակետներ, բայց կայացված որոշումը ենթակա է կատարման: Հարցին՝ անձամբ Դուք կաշկանդված եք, հաշվի առնելով նաև այն, որ մի քանի անգամ վարչապետ Կարեն Կարապետյանը Ձեզ նկատողություն է արել, Մինասյանը պատասխանեց.«Ոչ, ես կաշկանդվածություն չունեն, ես ունեմ պարզ ձևավորված մշակույթ»:










