ԱԺ-ն ընդունեց «ՀՀ դատական օրենսգիրքը». Ելքը դեմ քվեարկեց՝ հայտարարելով, որ օրենսգիրքը սահմանափակում է դատավորների ներքին ազատությունը (ԱԺ նիստը՝ ուղիղ)
72 կողմ, 12 դեմ, 10 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրքը»: Նշենք, որ օրենքը սահմանադրական էր, որը պետք է ԱԺ-ի կողմից ընդունվեր ¾ կողմ ձայներով։
Մինչ այդ վարման կարգով խոսեց «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը, ով նշեց, խմբակցությունում կան տարբեր մոտեցումներ, բայց, ընդհանուր առմամբ, օրենքի փոփոխությունները դրական են համարում և խմբակցությունը կքվեարկի ազատ:
«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը նշեց, որ «Ելքը» դեմ կքվեարկի, քանի որ օրենքով ապահոված չէ դատավորների ներքին ազատությունը և, մասնավորապես դատական ակտը օրինականության տեսակետից կարող է ստուգման առարկա դառնալ:
Բացի այդ, ըստ Զեյնալյանի՝ անընդունելի է բոլոր ատյանների դատավորներին պատասխանատվության ենթարկել ՄԻԵԴ-ում ՀՀ-ի նկատմամբ խախտում հայտնաբերելու վճիռների համար: «Առաջին ատյանից մինչև Վճռաբեկ բոլոր դատավորները բոլորը պետք է պատասխանատվության ենթարկեն, բայց այդ դեպքում պետք է պատասխանատվության ենթարկվի նաև Արդարադատության նախարարը, քանի որ կազմակերպել է ՄԻԵԴ-ում այդ ակտերի պաշտպանությունը նաև ՄԻԵԴ-ում ներկայացուցիչը, քանի որ պաշտպանում է: Հերքում եմ այն փաստարկները, որ բերվել են»,-ասաց նա:
Վարման կարգով խոսեց նաև նույն խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ով նշեց, որ փաստաբանների նկատմամբ սանկցիան, թեև հանվել է այս նախագծով, սակայն ըստ կայքի` 100 000 դրամ տուգանքը հանված չէ: Բացի այդ, նա նշեց, որ նախագիծը բերել են ընթացակարգերի խախտումներով, որի համար դիմել է ԱԺ նախագահին: «Իհարկե, Դատական օրենսգրքում կան դրական կողմեր, բայց տասից ավելի առաջարկ եմ ներկայացրել, որոնք մերժվել են, այսինքն՝ Սահմանադրական օրենքներն ընդունվում են առանց կոնսենսուսի, առանց ընդդիմության առաջարկները հաշվի առնելու, որոնք ապագայում խնդիր են առաջացնելու»,-ասաց նա:
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հանձնարարեց, որ եթե կայքում անճշտություններ կան՝ շտկել անպայման:










