«Աշտարակ կաթ» ՓԲԸ-ն խաբեությամբ փորձել է 240 մանրածախ տնտեսվարողների շորթման ենթարկել. գործել է հանցավոր խումբ. Արթուր Աթոյան

13:01 • 07.02.18

«Աշտարակ կաթ» ՓԲԸ-ում գործել է հանցավոր խումբ. խաբեությամբ փորձ է արվում 240 մանրածախ տնտեսվարողների շորթման ենթարկել: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց «Հայ տնտեսվարողների և սպառողների իրավապաշտպան կենտրոն» ՀԿ նախագահ Արթուր Աթոյանը:

Նրա տեղեկացմամբ՝ մանրածախ առևտուր իրականացնողները և «Աշտարակ կաթ» ՓԲԸ-ն մինչև 2016 թ. դեկտեմբեր ամիսը՝ մինչ ընկերության սնանկ ճանաչվելը, աշխատել են հետևյալ կերպ. ընկերության առաքիչները բերել են մի խմբաքանակ կաթնամթերք, ստացել են կանխիկ գումար և տարել, մուտքագրել են ընկերության հաշվապահություն:

Մուտքագրված գումարի դիմաց ստացել են վճարման անդորրագիր և հաջորդ խմբաքանակը մանրածախ առևտրի խանութ բերելու ժամանակ տվել են նախորդի վճարման անդորրագիրը և նոր խմբաքանակը՝ ստանալով նորի դիմաց կանխիկ վճարը:

«Մանրածախ առևտուր իրականացնողները կանխիկ ձևով են աշխատել և պարտքեր չեն կուտակել, սակայն անցել է մոտ մեկ ու կես տարի և առանց նախազգուշացնելու, առանց այդ մասին ծանուցելու, տեղեկացնելու, հանկարծ դատի են տվել և գումար են պահանջում: Հիմա վճարման անդորրագիրը գիտակցաբար՝ խարդախության նպատակով կամ շորթման նպատակով պահել են և գումար են պահանջում տնտեսվարողներից: Հարցը պարզելու համար խնդրանքով դիմել ենք իրավապահ կառույցների ղեկավարներին՝ աջակցություն ստանալու համար»,- հայտնեց Արթուր Աթոյանը:

Նրա խոսքով՝ 2016 թ. սկսած 240 մանրածախ առևտուր իրականացնող խանութներին «Աշտարակ կաթ» ՓԲԸ-ի կողմից առաջարկվել է կաթնամթերք և նույն մեխանիզմով խոստացվել է վճարման անդորրագրերը, բայց չեն փոխանցել. «Նրանց գործողություններում մենք տեսնում ենք խարդախության հանցակազմ պարունակող գործոններ, որը քրեորեն պատժելի արարք է»,-ասաց նա:

Ըստ Արթուր Աթոյանի՝ այստեղ կարևոր է այն հանգամանքը, որ «Աշտարակ կաթ» ՓԲԸ-ն նաև պարտավորություններ ունի պետության առջև՝ հարկային վճարների հետ կապված: Նրա կարծիքով՝ լուծարված «Աշտարակ կաթ» ՓԲԸ-ն որոշել է շորթման մեխանիզմը աշխատեցնել. «Ինչ կա որ, անդորագիրը տիրոջը տրամադրելու փոխարեն կոչնչացնեն՝ պատճառաբանելով որ չկա վճարում: Իսկ եթե չի եղել վճարում, ինչպես պատահեց, որ 1.5 տարի հետո նոր այդ մասին լուրեր շրջանառվեցին: Եվ եթե չկա վճարում՝ ինչպես հաջորդ ապրանքաքանակը սկսեցին մատակարարել տվյալ մանրածախ առևտուր իրականացնող կազմակերպություններին»,- նկատեց նա:

Հիշեցնենք, որ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 19.12.2016թ. վճռով «Աշտարակ կաթ» ՓԲԸ-ն սնանկ է ճանաչվել: Շուկայում գերիշխող դիրք ունեցող խոշոր արտադրողը պարտքեր է կուտակել ինչպես պետության, այնպես էլ աշխատողների և կաթ մատակարարող գյուղացիների նկատմամբ: Այժմ «Աշտարակ կաթի» սեփականատերն է «Պարգև» ՓԲԸ-ն:

Տնտեսվարողներ Էդուարդ Կոշտոյանը և Լուսյա Հարությունյանը վստահեցնում են, որ մեծ գումարների մասին է խոսքը՝ 200 հազարից մինչև 5 մլն դրամ, ընդ որում, այդ գումարներն արդեն բազմապատկվել են: Մասնավորապես՝ տնտեսվարող Էդուարդ Կոշտոյանը, ըստ «Աշտարակ կաթ» ՓԲԸ-ի՝ 2 մլն է կուտակել, իսկ Լուսյա Հարությունյանը՝ 43 հազար դրամ: Ընկերությունը նրանց նման ևս 238 տնտեսվարողներից է գումարներ պահանջել: