Ռուսաստանից սկսել են արտաքսել հյուսիսկորեացի ներգաղթյալներին
Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնող մի շարք շրջանների իշխանությունները սկսել են արտաքսել երկրից հյուսիսկորեացի աշխատանքային ներգաղթյալներին, այս մասին հայտնել է Փհենյանում ՌԴ դեսպան Ալեքսանդր Մացեգորան, գրում է РИА Новости գործակալությունը:
Դիվանագետը նշել է, որ նման քայլն, անշուշտ, հարված կհասցնի Ռուսաստանի տնտեսությանը, սակայն երկիրն անխոս պետք է կատարի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կայացրած որոշումները՝ այդ թվում Հյուսիսային Կորեայի հետ կապված:
Մացեգորան նշել է, որ ՌԴ-ն ամեն տարի Հյուսիսային Կորեայի քաղաքացիներին տրամադրում է 12.000-15.000 վիզա, որոնց 90 տոկոսն աշխատանքային վիզաներն են: Ընդհանուր առմամբ, ՌԴ-ում աշխատում է շուրջ 35.000 հյուսիսկորեացի՝ հիմնականում զբաղվելով շինարարությամբ, գյուղատնտեսությամբ ու ձկնային արդյունաբերությամբ:
Ռուս դիվանագետը նաև շտապել է անհեթեթություն որակել այն պնդումները, թե այս ներգաղթյալները Ռուսաստանում աշխատում են ստրկատիրական պայմաններում:
Ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ն ընդունել է Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների փաթեթ, որով էականորեն սահմանափակվում են Փհենյանի հնարավորությունները ներմուծման ու արտահանման ոլորտում: 21-րդ դարի ամենախիստ պատժամիջոցների ռեժիմը համարվող որոշումը նաև ընդգրկել է Հյուսիսային Կորեայի քաղաքացիներին այլ երկրներում աշխատանքային իրավունք շնորհելու օրենքների վերաբերյալ փոփոխություններ:










