Հնդկաստանում բժիշկը 33 մարդու վարակել է ՄԻԱՎ-ով՝ օգտագործելով միևնույն ներարկիչը
Հնդկաստանի հյուսիսում գտնվող Բանգարմաու քաղաքում որակավորում չունեցող բժիշկն առնվազն 33 մարդու վարակել է ՄԻԱՎ-ով, քանի որ նրանց ներարկումներ է արել չախտահարված ներարկիչով:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, հունվարի վերջին քաղաքային իշխանությունները Բանգարմաուի բնակիչների համար բուժդասընթացներ են կազմակերպել, որի ընթացքում ՄԻԱՎ վարակակիրներին պատմել են վարակի տարածման աղբյուրների մասին:
Զրույցի ընթացքում մասնակիցները խոստովանել են, որ դիմել են մի բժշկի, որը բոլոր հիվանդների համար միևնույն ներարկիչն է օգտագործում:
Դրանից հետո քաղաքի ոստիկանությունը հետաքննություն է սկսել բժշկի՝ Ռաջենդրա Կումարի նկատմամբ: Նշվում է, որ տղամարդը փախուստի է դիմել, և ոստիկանությունն այժմ նրան է փնտրում:
Իրավապահների խոսքով՝ բժշկի դեմ կարող է հիվանդների նկատմամբ անտարբեր վերաբերմունքի ու դրա հետևանքով վտանգավոր վարակի տարածմանն աջակցելու մեղադրանք առաջադրվել:
Հիվանդների պատմածի համաձայն՝ բժիշկը շրջում էր հեծանվով ու իրենց դեղեր էր տալիս, ներարկումներ անում:
Ըստ վիճակագրական տվյալների՝ Հնդկաստանում գործող բժիշկների 45%-ն աշխատանքի արտոնագիր չունի:










