«Օժանդակություն կլինի, որ մարդիկ շրջաններից գան, մասնակցեն շարժմանը». Գրիշա Վիրաբյանը պատրաստվում է ներքաղաքական «բլից-կրիգի»

20:16 • 07.02.18

Քաղաքական գործիչ, Հայաստանի ժողովրդական կուսակցության նախկին համակիր Գրիշա Վիրաբյանը նախատեսվում է մարտի վերջին շարժում սկսել, որն ըստ նրա՝ «բլից-կրիգի» նման պետք է լինի:

«Պետք չէ մարդկանց նախապես հանել, հոգնեցնել: Մանավանդ, որ ինչքան ուշանում է մեր հավաքը, այդքան մեզ համար դրական միջավայր է ստեղծվում: Այսօր տեսնում ենք ժողովրդի ծայրահեղ վիճակը, հանրապետությունում արդեն սկսվել է տնտեսական և քաղաքական ճգնաժամը, որը կխորանա մարտ ամսին»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Գ. Վիրաբյանը:

Նրա կարծիքով՝ Հայաստանում իշխանափոխության հնարավոր է հասնել, եթե ժողովրդի գոնե 1/3-ը 7 օր միասնական լինի:

«Մարտի վերջին՝ մինչև վարչապետի ընտրությունները, մենք կհավաքվենք, մեր ծրագրերը մարդկանց կասենք և կաշխատենք 7 օր միասնական կանգնել մեր պահանջի համար»,- հայտնեց նա:

Գրիշա Վիրաբյանը վստահ է, որ իր նախատեսած «բլից-կրիգին» շատ քաղաքական ուժեր են միանալու, սակայն չշտապեց անուններ նշել՝ պատճառաբանելով, որ ներկայիս իշխանության պարագայում գաղտնիությունը հաջողության հիմնական գրավականն է:

«Ես հանդիպում եմ տարբեր ուժերի ներկայացուցիչների հետ, իհարկե, ում որ վստահում եմ: Այդ ուժերը անհրաժեշտ պահին, երբ հայտարարվի մեր հավաքի օրը, ինքնաբուխ ձևով կգան և կմասնակցեն: Ինչո՞ւ ոչ, եթե պետք լինի, նաև օժանդակություն կլինի, որ մարդիկ շրջաններից գան մասնակցեն»,- տեղեկացրեց Վիրաբյանը:

Քաղաքական գործիչն այսօր իրավիճակը հօգուտ ժողովրդի փոխելու նպաստավոր պայմանները տեսնում է: Ըստ նրա՝ իշխանությունները սպառել են իրենց, բայց միևնույն ժամանակ, իրեն սպառել է նաև ընդդիմությունը:

«Բազմիցս իրենք ժողովրդին հավաքել են, բայց ծանր պահին փախել են: Այսօր ընդդիմության մեջ էլ չկա այն մարդը, որը կկարողանա իր շուրջը հավաքել իր անձնական օրինակով: Ես ունեմ այդ օրինակը, որ մինչև վերջ գնացող եմ, բոլորի կողքին կանգնել եմ, ոչ մեկին չեմ դավաճանել: Այսօր իմ շահերը համընկնում են ժողովրդի շահերի հետ և ես ունեմ հրապարակում կանգնելու բարոյական իրավունքը: Ովքեր կգան և կկանգնեն իմ կողքին և դեմ կլինեն այս իշխանությանը, ես իրենց հետ կպայքարեմ, իսկ ովքեր չեն գա, քաղաքական դաշտում արդեն իրենք են փչանալու, որովհետև ես ապացուցել եմ, որ մինչև վերջ գնացող եմ»,-նշեց Գրիշա Վիրաբյանը:

Անձնական օրինակ ասելով՝ քաղաքական գործիչը նկատի ունի 2004 թ. դեպքերը: Նրա խոսքով՝ 14 տարի առաջ իրեն ծեծի ենթարկելը հենց իր քաղաքական հայացքների համար էր. «Ես 2004 թ. հետընտրական նախագահական ընտրություններից հետո բավական ակտիվ էի, իրենք գործ սարքեցին, ձերբակալեցին: Բայց բնական է, որ ես քաղաքականությունից դուրս չեմ եկել»:

Հիշեցնենք, որ Վիրաբյանը 2004 թվականի ապրիլի 24-ին ծեծի էր ենթարկվել, խոշտանգվել: Հայաստանում գործի քննությունից ու դատավարությունից հետո Վիրաբյանը դիմել էր ՄԻԵԴ, որն էլ իր հերթին 2012թ. վճիռ է կայացրել և ճանաչել Եվրոպական կոնվենցիայի մի շարք դրույթների խախտումներ: Մասնավորապես՝ ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ քրեական գործի քննության ընթացքում և դատարանում տեղի է ունեցել Եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում՝ խոշտանգումների ենթարկելու: Մեկ այլ հոդվածի համաձայն՝ պետական մարմինները գործի քննության ընթացակարգային խախտումներ են թույլ տվել և ոչ արդյունավետ են քննություն իրականացնել: Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ նրա անմեղության կանխավարկածն է խախտվել: Չի իրականացվել արդյունավետ քննություն՝ կիրառված խոշտանգումների հիմքում առկա քաղաքական դրդապատճառները պարզելու ուղղությամբ: Եվ ՄԻԵԴ-ը հանգել է այն եզրակացությանը, որ խոշտանգման փաստի հիմքով իրականացված քննությունը եղել է անարդյունավետ: ՄԻԵԴ վճռից հետո Հայաստանում խոշտանգումների մասով նոր քրեական գործ հարուցվեց, սակայն դրա քննությունը կարճվեց:

Գրիշա Վիրաբյանն այժմ նորից դիմել է նախագահին, խորհրդարանին և կառավարությանը՝ պահանջելով բացահայտել իր հանդեպ բռնություն կիրառողներին և նրանց պատժի ենթարկել: Նա խոսքով՝ հիմնական մեղավորը՝ նախկինում ոստիկանության Արարատի մարզի վարչության պետի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Աշոտ Կարապետյանը, դեռ պատիժ չի կրել:

«Ազգային ժողով, նախագահական դիմել էի, որ իրենք գտնեն իրական մեղավորներին, չնայած իրենք շատ լավ գիտեն: Կառավարությունից և նախագահի աշխատակազմից պատասխան չունեմ, իսկ Ազգային ժողովից նամակն ուղարկել էին դատախազություն: Հետո դատախազության նամակը ստացա, որ պահանջն իրենց մոտ է, ուղղակի իրենք խնդրել են, որ ես իմ բողոքներում անպարկեշտ արտահայտություններ չանեմ, բայց ես սիրում եմ իրերն իրենց անունով կոչել: Բայց իրենք պետք է նաև հաշվի առնեն, որ բացի ֆիզիկական խոշտանգումից, հիմա բարոյական խոշտանգում են կիրառում իմ հանդեպ»,- ասաց Գ. Վիրաբյանը: