Գիլյերմո դել Տորոն պատմել է Վայնշտեյնի ընկերության հետ ունեցած «ահավոր» փորձի մասին
Մեքսիկացի ռեժիսոր Գիլյերմո դել Տորոն պատմել է Բոբ և Հարվի Վայնշտեյններին պատկանող Miramax ընկերության հետ ունեցած փորձի մասին: Այս մասին հայտնում է The Independent-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Դել Տորոն աշխատել է Հոլիվուդի մի շարք ազդեցիկ ներկայացուցիչների հետ և, նրա խոսքով, նա «վատ պահվածքի» է բախվել միայն 1997 թվականին, երբ Miramax-ի համար նկարահանել է «Մուտանտներ» ֆիլմը:
«Սա ահավոր, ահավոր, ահավոր փորձ էր», - խոստովանել է Դել Տորոն:
Ռեժիսորը պատմել է, որ ստուդիան խառնվում էր ամեն ինչի մեջ, և ինքը ոչ մի հաճելի օր չի ունեցել:
«Սա արել է Dimension լեյբլի համար պատասխանատու Բոբ Վայնշտեյնը», - պարզաբանել է նա:
Դել Տորոն նաև նշել է, որ այս աշխատանքը շատ բան է սովորեցրել իրեն, և ինքն օգտագործել է այս փորձն այդ թվում «Ջրի ձևը» ֆիլմի նկարահանումների ժամանակ:
Հիշեցնենք, որ Գիլյերմո դել Տորոյի «Ջրի ձևը» ֆիլմն արժանացել է ԱՄՆ-ի Կինոռեժիսորների գիլդիայի մրցանակին:
Ավելի վաղ Critics’ Choice Awards կինոմրցանակաբաշխության ընթացքում ստացած մրցանակների առումով «Ջրի ձևը» ֆիլմը ռեկորդ է սահմանել: Գիլյերմո դել Տորոյի՝ 4 մրցանակի արժանացած կինոնկարը ճանաչվել է լավագույն ֆիլմ, իսկ դել Տորոն հաղթել է «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում:
Դրանից բացի, «Ջրի ձևը» ֆիլմն արժանացել էր նաև Վենետիկի 74-րդ կինոփառատոնի գլխավոր մրցանակին։










