Նիդեռլանդներում բազմազավակ մայրը կերպարներ է ստեղծում, որոնց նայելիս թվում է՝ դրանք դուրս են եկել գեղանկարիչների վրձնած կտավներից (լուսանկարներ)

08:46 • 08.02.18

Հոլանդիայում բնակվող ինքնուս լուսանկարիչ Հեմի Վուդ Բիննենդայկը կերպարներ է ստեղծում, որոնց նայելիս թվում է՝ դրանք դուրս են եկել հին գեղանկարիչների վրձնած կտավներից։

Big Picture-ը գրում է, որ հինգ երեխաների մայրը համադրում է իր սերը երեխաների, կենդանիների ու արվեստի հանդեպ, ինչի շնորհիվ էլ ստացվում են այս հրաշալի դիմանկարները:

Աղբյուրի հաղորդմամբ՝ սկզբում Հեմի Վուդ Բիննենդայկը ոսկերիչ է եղել, այնուհետև նա դարձել է մուլտիմեդիա-դիզայներ: Սակայն որոշ ժամանակ անց հասկացել է, որ իր իսկական կիրքը գեղարվեստական լուսանկարչությունն է, որի շնորհիվ նա վերհիշել է իր սերը գեղանկարչության հանդեպ՝ ներկերի փոխարեն օգտագործելով լույսը:

Հեմիի խոսքով՝ աշխատելու ընթացքում ինքը համադրում է լուսաստվերի սկզբունքը և սֆումատո տեխնիկան, որը մշակել է իտալացի նկարիչ և գյուտարար Լեոնարդո դա Վինչին՝ օգտագործելով այն իր կտավներում:

Նշենք, որ սֆումատո տեխնիկան հնարավորություն է տալիս փափկեցնել պատկերվող մարդկանց ու առարկաների ուրվագծերը՝ ավելի նուրբ դարձնելով ընդհանուր պատկերն ու ընդգծելով լույսի ու ստվերի կենդանի փոխազդեցությունը:

Նշվում է, որ լուսանկարիչը կենդանիների ու թռչունների միջոցով ավելի հետաքրքիր ու «շնչող» է դարձնում իր աշխատանքները:

«Ես լուսանկարում եմ երեխաներին ու դեռահասներին: Սա ժամանակակից դիմանկարներ են, որոնք, այնուամենայնիվ, անցյալից մնացած կտավներ են հիշեցնում: Յուրաքանչյուր կադրում փորձում եմ բռնացնել լույսն ու երեխայի հայացքը՝ երբեմն համադրելով այն որևէ անսպասելի կենդանու հետ: Յուրաքանչյուր դիմանկար մի նոր արկած է ինձ համար», - իր աշխատանքը մեկնաբանել է նա:

Նիդեռլանդներում բազմազավակ մայրը կերպարներ է ստեղծում, որոնց նայելիս թվում է՝ դրանք դուրս են եկել գեղանկարիչների վրձնած կտավներից (լուսանկարներ)