Ջիգարխանյանի նախկին կինը դատի է տվել դերասանին
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը՝ դաշնակահարուհի Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, դատի է տվել դերասանին՝ մեղադրելով իրեն զրպարտելու համար, այս մասին հայտնում է Мир 24 հեռուստաալիքը:
Հայտնի է, որ Ցիմբալյուկը պատրաստվում է նաև հայց ներկայացնել չորս այլ անձանց դեմ, որոնք, ըստ իրեն, խարդախությունների են դիմել իրենց ընտանիքի ֆինանսական միջոցների և անշարժ գույքի հետ կապված:
«Ինձ համար շատ ցավոտ է պատմել այս մասին հարյուրերորդ անգամ, սակայն ես կարծում եմ, որ մեր հարաբերություններին խանգարեցին կողմնակի անձինք, որոնք ունեն իրենց շահերը: Նրանք օգտվեցին Արմեն Բորիսովիչի տրամադրությունից ու տարիքից: Դա քանդեց ոչ միայն մեր ընտանիքը, այլև մեր կյանքը: Կան մարդիկ, որոնք երբևէ չեն եղել մեր կողքին, մեզ հետ անգամ թեյ չեն խմել, սակայն հիմա պատմում են մանրամասներ, կարծես մեզ հետ են ապրել: Շատ է սուտը, զրպարտանքն ու բամբասանքը»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ջիգարխանյանի նախկին կինը՝ պնդելով, որ իրենք երբևէ չեն ունեցել վեճեր և ոչ ոք չի կարող փոխարինել իրեն 82-ամյա Ջիգարխանյանի կողքին:
Հիշեցնենք, որ Ջիգարխանյանի և նրանից 44 տարով փոքր կնոջ շուրջ ընտանեկան սկանդալը ծագել էր նախորդ տարվա հոկտեմբերին: Այն ժամանակ արտիստը հոսպիտալացվել էր ու պատմել, որ «ստոր կինը խաբեությամբ տիրացել է իր ունեցվածքին»:
Անցյալ տարվա նոյեմբերի վերջին դատարանը բավարարել է Ջիգարխանյանի՝ ամուսնալուծության վերաբերյալ հայցը, իսկ դեկտեմբերի սկզբին Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի դեմ մեղադրանք է ներկայացվել՝ տարեց ամուսնու անձնական կյանքին վերաբերող նյութերն առանց նրա համաձայնության լրատվամիջոցներում տարածելու համար:
Նշվում է, որ կնոջն ազատ են արձակել չմեկնելու մասին ստորագրության դիմաց: Մինչդեռ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի փաստաբանը նշել է, որ մեղադրանքները հորինված են և որ ինքը գործում դատական հեռանկար չի տեսնում:
Թեև Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան բողոքարկել էր ամուսնալուծության մասին որոշումը՝ դատարանը որոշել է այն անփոփոխ թողնել:










