Մոսկվայում «Լևիաթան» ֆիլմի նկարահանման հրապարակում արված լուսանկարների ցուցահանդես կբացվի
Մոսկվայի Studio77 ստուդիայում Անդրեյ Զվյագինցևի «Լևիաթան» ֆիլմի նկարահանումը ցուցադրող լուսանկարների ցուցահանդես կբացվի: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն՝ հղում անելով նախագծի մամուլի ծառայությանը:
Նշվում է, որ «Լևիաթան. Գործընթաց. Հետադարձ հայացք» ցուցահանդեսը բաց կլինի 2018 թվականի փետրվարի 13-ից մինչև մարտի 31-ը: Աշխատանքների հեղինակը լուսանկարիչ Աննա Մատվեևան է: Լուսանկարչի խոսքով՝ ինքը փորձել է ստեղծել «այս աշխարհի իր արտացոլումը»:
Աղբյուրի հաղորդմամբ՝ ցուցահանդեսի հյուրերը կտեսնեն աշխատանքային գործընթացում գտնվող դերասանների դիմանկարները, տեղանքի լուսանկարները և ֆիլմի նկարահանումների մի շարք այլ մանրամասներ:
«Հեղինակի աշխատանքները հնարավոր կլինի ձեռք բերել ցուցահանդեսի ամբողջ ընթացքում: Կատալոգում ներառվել է նկարահանման հրապարակից մոտ երկու հարյուր լուսանկար, այդ թվում նրանք, որոնք չեն ներկայացվի ցուցահանդեսի ժամանակ», - նշել է աղբյուրը:










