Ոտնձգությունների մասին գիրք գրած ամերիկացին մեղադրվել է ոտնձգությունների համար

16:55 • 14.02.18

Ոտնձգությունների պատճառով ինքնասպան եղած դեռահասի մասին «13 պատճառ՝ ինչու» գրքի հեղինակ, ամերիկացի գրող Ջեյ Աշերը ոտնձգությունների համար մեղադրվելուց հետո հեռացվել է Մանկագիրների և նկարազարդողների միությունից: Այս մասին հայտնում է Vanity Fair-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ գրողի շուրջ սկանդալը տեղի է ունեցել 2017 թվականին, սակայն դրա մասին հայտնի է դարձել այժմ՝ պրոդյուսերների, ռեժիսորների և դերասանների հասցեին հնչած բազմաթիվ մեղադրանքների շնորհիվ:

Կազմակերպության ղեկավար, գրող Լին Օլիվերի խոսքով՝ Աշերի հասցեին հնչած անանուն մեղադրանքների փաստով ներքին հետաքննություն է անցկացվել, որի արդյունքում որոշվել է հեռացնել նրան: Մեղադրանքների մանրամասները չեն բացահայտվում:

Ջեյ Աշերի մամուլի քարտուղար Թամարա Թեյլորը հայտնել է, որ մեղադրանքները չեն համապատասխանում իրականությանն ու գրողն ինքն է մի քանի տարի շարունակ Մանկագիրների և նկարազարդողների միության անդամների կողմից ենթարկվել ոտնձգությունների:

Թեյլորը նշել է, որ Աշերը հրաժարվել է կազմակերպությանն անդամակցությունից այդ կանանց պատճառով, որոնց հետ ինքն ավելի վաղ սիրային հարաբերություններ է ունեցել, որոնք «ավարտվել են վիրավորված զգացմունքներով»:

Գրողի մամուլի քարտուղարը հավելել է, որ հետագայում այդ կանայք իբր հետապնդել են տղամարդուն: Նա նաև նշել է, որ ոչ մի հետաքննություն չի անցկացվել:

2007 թվականին հրատարակված «13 պատճառ՝ ինչու» գիրքը պատմում է դպրոցական Հաննա Բեյքերի մասին, որն ինքնասպանություն է գործում իր հասակակիցների ոտնձգությունների, ծաղրանքի ու ճնշումների պատճառով: Մահից առաջ աղջիկը ձայնագրում է իր ինքնասպանության 13 պատճառները: Դրանք հայտնվում են նրա համադասարանցի Քլեյ Ջենսենի մոտ, որը սիրահարված էր Հաննային:

Ոտնձգությունների մասին գիրք գրած ամերիկացին մեղադրվել է ոտնձգությունների համար