Օլիմպիադայի արդյունքներով չէ, որ կարող ես հանրակրթության մակարդակի մասին ընդհանուր պատկերացում կազմել. Վ. Ասատրյան
2017-2018 ուստարվա մաթեմատիկա առարկայից օլիմպիադայի դպրոցական փուլի արդյունքների վերլուծությունը Երևան քաղաքի դպրոցների կտրվածքով մասնակցության, հավաքած բալերի և այլ ցուցանիշների մասով պարզել է, որ առաջատար դիրքում է «Ֆիզմաթ» դպրոցը:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում փաստեց վերլուծության հեղինակ, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» հետազոտությունների և զարգացման բաժնի ղեկավար Վահան Ասատրյանը:
Նա նշեց, որ սա ոչ թե խոր վերլուծություն է հանրակրթական մակարդակում կրթության որակի գնահատականի առումով, այլ անձնական հետաքրքրության ուսումնասիրություն թվերի հետ մեթոդական խաղով:
«Հետազոտությունը պարզապես բալերով չենք արել՝պիկեր, միջին բալեր, մասնակցության աստիճան, ցածրից ավագ դպրոց դինամիկա։ Երևանի դպրոցների համար կրթական համակարգի իրավիճակը պարզելուն միտված վերլուծություն չէր. ընդ որում, ասեմ` օլիմպիադայի արդյունքներով չէ, որ կարող ես հանրակրթության մակարդակի մասին ընդհանուր պատկերացում կազմել, դրա համար կան հատուկ հետազոտություններ»,- ասաց Վահան Ասատրյանը:
Ասատրյանի խոսքով՝ առարկայական կամ դպրոցական օլիմպիադան այն տվյալների բազան չէ, որ հնարավորություն է տալիս շատ խոր ուսումնասիրություն անել, այլ առաջին մոտավորությամբ պատկերացում է, օրինակ, նույն մասնակցության ցուցանիշի մասով:
««Ֆիզմաթն ամենաբարձրն էր: Մենք մի քանի ցուցանիշ փորձել ենք համադրել: Եթե նայեք, օրինակ, միջին գնահատականները, 11-15 բալ հավաքած աշակերտների թվով առաջինը «Ֆիզմաթն» է, հետո «Ուսումն» է գալիս , «Քվանտը» և թիվ 89 ,55 դպրոցները, այնուհետև «Շիրակացի» կրթահամալիրը, 168 դպրոցը, «Մխիթար Սեբասատացի» կրթահամալիրը և այլն: 8-12-րդ դասարանների աշակերտների մեջ դիտարկել ենք 12 և ավելի միավոր հավաքած երեխաների արդյունքները: «Ֆիզմաթից» 197 աշակերտ է հաղթահարել այդ շեմը, հետո «Քվանտն» է ՝ 34 աշակերտով»,- ասաց նա:
Ասատրյանի խոսքով ` «Ֆիզմաթ»-ից մասնակցող աշակերտների թիվը եղել է ամենաբարձրը` 442, բայց դա չի ենթադրում, որ մասնակցողները բոլորը բավարար կամ դրանից բարձր գնահատական են ստացել և անցել մյուս փուլ:
«Կան նաև զրոներ, բայց անգամ այդ զրոն ինչ- որ բան նշանակում է: Աշակերտը ուզել է ինչ -որ դաս բաց թողնել, գնալ նստել օլիմպիադայի, կամ աշակերտը որոշակի փորձ է ձեռք բերում , մեկնաբանել կարելի է, ինչպես ուզես: Ենթադրվում է, որ երեխաները որոշակիորեն կամ ինքնավստահության որոշակի մակարդակ ունեն, կամ շահագրգռվածություն ունեն, կամ միգուցե տնօրենը, ուսուցիչն են խրախուսում, մենք այսպես գործոնները չենք նստել ուսումնասիրել»,- ասաց նա:
Որպես կրթության որակի համապարփակ հետազոտություն` Ասատրյանը օրինակ բերեց PIMS հետազոտությունը, որը տարբեր երկրների կրթական համակարգի վերաբերյալ համապարփակ տեղեկատվություն է տալիս:
«Ցավոք, Հայաստանի վերջին PIMS-ի արդյունքները չեն համարվել ներկայացուցչական, կամ էլ ինչ -որ խնդիրներ են եղել, և վերջին տվյալները չկան: Այդ PIMS-ով ուսումնասիրվում է երկու առարկա ՝միայն ֆիզիկա և մաթեմատիկա, և չորրորդ և ութերորդ դասարաններում բոլոր մասնակից երկրներով ամենաբարձր համաթվերի մակարդակն է ներկայացվում: Հայաստանը, եթե չեմ սխալվում, վերջին անգամ 2011-ին է եղել PIMS-ի հրապարակած տվյալներում: Արդյունքները չկան, կարող եմ ենթադրել՝ ինչ-որ խնդիր է եղել կամ արդյունքներն այնքան վատն են եղել, որ չեն հրապարակվել»,- ասաց Ասատրյանը:
Վերլուծության հեղինակի խոսքով՝ հատկապես միջազգային օլիմպիադաներին մասնակցությունը որևէ իմաստով ինֆորմատիվ չէ, համադպրոցականն է որոշակի առումով ինֆորմատիվ, որովհետև ինչ- որ չափով ցույց է տալիս՝ հատկապես որ դպրոցներից է մասնակցությունը բարձր:
«Հետազոտությունը ուղղակի մեզ հնարավորություն էր տալիս հասկանալու, թե ինչպիսին է մասնակցությունը, ինչպիսին են արդյունքները, ինչպիսին է այդ արդյունքների բաշխումը ըստ գնահատականների: Օրինակ, արդյունքներին նայելիս տեսնում ենք, որ դպրոց կա, որի մասնակցությունը մինչև ինչ -որ դասարան բարձր է , դրանից հետո արդեն չունեն: Եթե այդ դպրոցի տնօրենը լինեի, կմտածեի, որ այդ դասարանում ես մաթեմատիկայի ուսուցչի խնդիր ունեմ. կամ ուսուցիչն է խնդիրը կամ երեխաներին եմ տեղափոխում. այսինքն ինքը որոշակի առումով նաև ինֆորմատիվ է»,-եզրափակեց Վահան Ասատրյանը:










