«Ալիևը վտանգավոր խելագար է». ռուս լրագրող Նևզորովը մեկնաբանել է «Երևանը վերադարձնելու» մասին հայտարարությունը (տեսանյութ)

15:22 • 15.02.18

Ռուս լրագրող և հրապարակախոս Ալեքսանդր Նևզորովը «Эхо Москвы» ռադիոկայանի «Невзоровские среды» հաղորդման ժամանակ անդրադարձել է Ադրբեջանին և երկրի նախագահ Իլհամ Ալիևի՝ «Երևանը վերադարձնելու» մասին հայտարարությանը՝ Ալիևին «վտանգավոր խելագար» անվանելով:


Նևզորովը նշել է, որ դա հիանալի կերպով ապացուցում է իր խոսքերը, թե ինչի համար է հարկավոր պատմությունը և ինչից է պատմությունը բաղկացած՝ նշելով, որ այն «զարմանալի հումք է, որից կարելի է ամեն ինչ սարքել»:


«Հարգելի Ալիևը, թվում է, վտանգավոր խելագար է Երևանի մասին իր խոսակցություններով»,- ասել է Նևզորովը՝ հավելելով, որ Ռուսաստանի բախտն այնքան էլ չի բերում տարբեր երկրների նախագահների առումով։ Նա բերել է Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի, Թուրքիայի «մոլագար» նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Հս. Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի օրինակները:


«Անգամ այդ կերպարների ֆոնին Ադրբեջանում կա այդ վտանգավոր խելագար նախագահը: Նրան ոչ միայն ածելի, ես խորհուրդ չէի տա անգամ մեկ սանտիմետրից մեծ մեխեր տալ նրան, իսկ ավելի լավ է՝ ընդհանրապես դրանք փոխարինել ատամմաքրիչով»,- ասել է ռուս լրագրողը:


Նևզորովը նշել է, որ անգամ եթե ընդունենք, թե Ալիևի հայտարարությունները «նախագահական մարազմ» էին և «նախագահական հնարք», հատկանշական է, որ «այդ մտքի շուրջ հավաքվեցին ակադեմիկոսներ, պատմաբաններ և «հիմնավորեցին» այդ նախագահական մարազմը»:


«Այդ առասպելն արդեն ստեղծվել է, և այն ապրելու է, վաղ թե ուշ արյունահեղության և ատելության հերթական պոռթկումների պատճառ է դառնալու»,- ասել է լրագրողը՝ նշելով, որ այդպես են ստեղծվում «պատմական ֆեյքերը»:


Ավելի վաղ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությունը, թե ՀՀ-ի նկատմամբ ճնշումները շարունակվելու են, որպեսզի «վերադարձնեն իրենց պատմական հողերը՝ Երևանը և, ընդհանրապես, Հայաստանը», հայտարարել է, որ Ադրբեջանի սուլթանը հերթական անհեթեթ զառանցանքով է հանդես եկել, մեկ անգամ չէ, որ նա ասել է Երևանը կամ ՀՀ-ն իրենց պատմական տարածք լինելու մասին: ԱԺ փոխնախագահն անթույլատրելի է համարել այն հանգամանքը, որ 21-րդ դարում մի որևէ պետություն իր հարևան պետության մասին նման հայտարարություններ և գրավելու կոչեր է անում: