Չի կարելի բացառել, որ Ալիևի խոսքերի հիմնական հասցեատերերը ԼՂ հակամարտության կարգավորման մեջ ներգրավված միջնորդներն են. Բենիամին Պողոսյան

20:54 • 20.02.18

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի գործադիր տնօրեն Բենիամին Պողոսյանի նկատառմամբ՝  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները Երևանի, Զանգեզուրի և Սևանի՝ ադրբեջանական պատմական հայրենիք լինելու և նշված տարածքներ ադրբեջանցիների վերադարձի ռազմավարության մշակման և իրականացման վերաբերյալ տարաբնույթ մեկնաբանությունների են արժանացել:

Քաղաքագետը Tert.am-ի հետ զրույցում նկատեց՝ բավականաչափ դժվար է միանշանակ ֆիքսել նշված հայտարարությունների խորքային պատճառները:

«Նախագահի խոսքերը կարող են պայմանավորված լինել նախընտրական շրջանում ազգայնական տրամադրությունների շահարկման և «ուժեղ առաջնորդի» իմիջի ձևավորման ցանկությամբ: Չի կարելի բացառել նաև այն տարբերակը, որ Ալիևի խոսքերի հիմնական հասցեատերը արտաքին լսարանն է՝ առաջին հերթին արցախյան հակամարտության կարգավորման մեջ ներգրավված միջնորդները»,- նշեց նա:

Բենիամին Պողոսյանի խոսքով՝ Հայաստանի Հանրապետության նկատմամբ տարածքային պահանջների ներկայացմամբ Ադրբեջանի նախագահը կարող է փորձել տարածաշրջանում իրավիճակի անկանխատեսելի լարման հնարավորության պատկերացում ձևավորել և ակնկալել միջնորդ պետությունների կողմից որոշակի քայլերի իրականացում՝ նշված պոտենցիալ զարգացումները կանխելու նպատակով:

«Հնարավոր տարբերակ է նաև Ադրբեջանի նախագահի կողմից պաշտոնավարման նոր ժամկետին ընդառաջ ՀՀ-ի և Արցախի Հանրապետության դեմ ուղղված ավելի ագրեսիվ ռազմավարության մշակման և իրականացման մտադրությունը: Այս դեպքում նշված հայտարարությունը պետք է դիտարկել որպես տվյալ ռազմավարության մշակման մեկնարկ»,- նշեց նա:

Անկախ տվյալ հայտարարության պատճառներից, ըստ քաղաքագետի, կարելի է հստակ գնահատել դրանց ազդեցությունը առնվազն երկու ուղղություններով:

Նրա խոսքով՝ վերջին տարիներին ՀՀ-ի և Արցախի նկատմամբ ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության ագրեսիվ հայտարարությունները ադրբեջանական հասարակության շրջանում ձևավորում են հակամարտության արագ և ռազմական եղանակով լուծման ակնկալիքներ, որոնք աստիճանաբար վերածվում են հասարակական պահանջի:

«Այդ գործընթացն էականորեն սահմանափակում է բանակցություններում ճկունություն ցուցաբերելու՝ Ադրբեջանի իշխանությունների հնարավորությունը: Ադրբեջանական իշխանություններն ստեղծում են բումերանգի էֆեկտ, երբ հասարակության մեջ հայատյացության և արցախյան հակամարտության՝ ռազմական ճանապարհով լուծման քարոզչությունը հանգեցնում է նույն հասարակության կողմից իշխանություններին հասցեագրված համապատասխան պահանջների»,- նշեց Պողոսյանը:

Նախագահ Ալիևի հայտարարության երկրորդ ուղղակի ազդեցությունը, քաղաքագետի խոսքով, Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության հասարակություններում Ադրբեջանի գործող իշխանությունների հետ հակամարտության կարգավորման որևէ փաստաթղթի ստորագրման անհնարինության վերաբերյալ տեսակետների ամրապնդումն է:

«Ակնհայտ է, որ բավականաչափ դժվար է արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում փոխզիջումների գնալ այն կողմի հետ, որը հրապարակայնորեն տարածքային պահանջներ է ներկայացնում Հայաստանի Հանրապետությանը:

Անկախ նախագահ Ալիևի կողմից նշված հայտարարությունների հրապարակման իրական պատճառներից՝ դրանք էականորեն նվազեցնում են առնվազն կարճաժամկետ հեռանկարում արցախյան հակամարտության կարգավորման հեռանկարները»,- նշեց նա: