Եկան, գրեցին, ջնջեցին, կփոխհատուցեն,  թե չէ` արդեն իրենց հայեցողության տակ է. պայթյունից վնասված շենքի բնակիչներ (տեսանյութ)

21:05 • 20.02.18

Վրացական 10 շենքի 4-րդ մուտքի բնակարաններից շատերը տարբեր աստիճանի վնասներ են կրել:

Tert.am-ի հետ զրույցում շենքի բնակիչներն ասացին, որ առավել շատ վնասներ ստացած բնակարանների բնակիչները լքել են տները, բարեկամների տանն են, իսկ մի քանիսն էլ փորձում են սեփական միջոցներով կարգավորել կրած վնասները:

«Թոռնիկս, նրա կինն ու երեխաները քնած են եղել, ուժեղ պայթյուն են լսել, հոտ է  եղել, իմացել են երկրաշարժ է` առանց հագնվելու եկան մեր տուն, տան դռները պոկվել են, խոհանոցում պատուհաններն են վնասվել»,-ասաց Տիգրան Ղազանչյանը:

Նա նշեց, որ փորձում են առայժմ վնասված դուռը փոխարինել նորով, բայց տան բնակիչները՝ իր թոռնիկի ընտանիքի անդամները,  առայժմ չեն վերադառնա բնակարան:

«Լուսամուտները պետք է փոխվեն 3–4 հատ, դռները պետք է փոխենք: Հիմա ինչքան կօգնեն, կօգնեն, ում կարանք խեղդենք մենք, կարևորը մարդու բան չի եղել»,-ասաց նա :

Նույն շենքի 4-րդ հարկի բնակիչ Արմեն Եղյանն էլ Tert.am-ին ասաց, որ  իրենց բնակարանում պայթյունի հետևանքով ճաքեր են առաջացել խոհանոցում, նաև շքամուտքի դուռն է ամբողջությամբ տեղից դուրս եկել:

Tert.am-ի դիտարկմանը, թե արդյոք պատկան մարմինների կողմից վնասների փոխհատուցման մասին ասվե՞լ է իրենց, բնակիչն արձագանքեց. «Վնասների փոխհատուցման մասով  եկան գրեցին, ջնջեցին: Կանեն, չեն անի, արդեն իրենց հայեցողության տակ է»,-ասաց նա:

Բնակիչը նշեց, որ բնակարանը լքելու հորդոր կամ հրահանգ կոնկրետ իրենց չի եղել, իսկ առավել վնասված բնակարաններում, ինչպես օրինակ երկրորդ հարկում, որևէ մեկը չի մնացել:

«Ոչ մեկ չի ասել` լքեք տարածքը, երևի այս թևը այդքան չի տուժել: Դուռը պոկված էր, պետք է սարքեմ, գիշերը կմնանք, եթե չստացվի,  կփակենք, կգնանք»,-ասաց նա:

Վրացական փողոցի 10 շենքի 4-րդ մուտքի առաջին հարկի այն բնակարանում, որտեղ տեղի էր ունեցել պայթյունը Tert.am-ի նկարահանման պահին աշխատանքներ էին կատարվում, բայց տան բնակիչներից որևէ մեկը չցանկացավ խոսել:

Շենքի երրորդ հարկի բնակարաններից մեկում էլ տանտիրուհին չցանկացավ խոսել, փոխարենը օգնության եկած հարազատներից մեկը Tert.am-ին ասաց, որ իրենց ուժերով են փորձել տեղից դուրս եկած շքամուտքի դուռը տեղը գցել:

Նա նշեց, որ վնասների փոխհատուցման մասին դեռ իրենց ոչինչ չեն ասել, սպասում են, քանի որ օրենքով սահմանված կարգով իրականացվում է հետաքննություն, որի արդյունքում կպարզվեն պայթյունի պատճառներն ու հանգամանքները։

«Եթե ոչ մի օգնություն չեղավ, ստիպված մեր միջոցներով պետք է անենք»,-ասաց նա:

Նշենք, որ պայթյունից տուժել են հարակից շենքերը, հիմնականում վնասվել են պատշգամբի պատուհանները, որոնք շատ բնակիչներ ժամանակավորապես ցելոֆանապատել էին:

Վնասվել են նաև շենքի բակում կայանված ավտոմեքենաները:

Հիշեցնենք, որ փետրվարի 20-ի վաղ առավոտյան՝ ժամը 05:11-ին, Արտակարգ իրավիճակների նախարարությունն ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Վրացական փողոցի 10 շենքի 4-րդ մուտքում տեղի է ունեցել պայթյուն:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վրացական փողոցի 10 շենքի 4-րդ մուտքի բնակարաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով փլուզվել են բնակարանի միջնապատերը և պատշգամբը ամբողջությամբ, վնասվել են 2-րդ, 3-րդ և 4-րդ հարկերի պատուհանները:

Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ հրավիրվել են համապատասխան մասնագետներ, Կառավարությանն առընթեր Քաղաքաշինության պետական կոմիտեի ներկայացուցիչներ, լիցենզավորված սեյսմիկ հետազոտություն իրականացնող կազմակերպության անդամներ, ստեղծվել է մասնագիտական խումբ, որը փլուզված վայրում պետք է կատարի թե՛ ակնադիտական, թե՛ մասնագիտական հետազոտություն՝ ստուգելու շենքի կոնստրուկցիաների, կրող պատերի, շենքի, միջնահարկերի, աստիճանավանդակի ամբողջ վիճակը:

Այս մասին փլուզված շենքի մոտ՝ Վրացական 10 հասցեում, լրագրողների հետ զրույցում ասել է Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը:

Իսկ հարցին, թե ո՞վ է փոխհատուցելու վնաս կրած բնակիչներին, փոխքաղաքապետը պատասխանել է, որ օրենսդրորեն իրականացման կարգ գոյություն ունի, որտեղ պետք է հետաքննություն իրականացվի, և պարզվեն պատճառները:

Նրա խոսքով՝ հետաքննության արդյունքներն ի հայտ կբերեն նաև պատասխանատուներին, թե ում պատճառով է եղել պայթյունը, ով է պատասխանատու: Հետաքննության արդյունքը երբ լինի, ըստ այդմ էլ օրենսդրորեն կառաջանա թե՛ պատասխանատվության, թե՛ փոխհատուցման հարցը։

Մանրամասները՝տեսանյութում։