Կալկաթայում վաճառվել է հայ-բրիտանական վերջին հյուրանոցը, որտեղ հանգրվանել են բազմաթիվ աստղեր

13:55 • 20.02.18

Հնդկաստանի Կալկաթա քաղաքում վաճառվել է քաղաքի հայ-բրիտանական վերջին հյուրանոցը՝ 235 տարվա պատմություն ունեցող «Ֆեյրլոն»-ը, որտեղ բազմաթիվ հայտնի աստղեր են ժամանակին հանգրվանել, գրում է telegraphindia.com-ը՝ նշելով, որ դա նշանավորում է քաղաքում հայ-բրիտանական դարաշրջանի ավարտը:


1783 թվականին կառուցված հյուրանոցի սեփականատերերի երրորդ սերնդի ներկայացուցիչ 70-ամյա Ջենիֆեր Էն Ֆոուլերն այսօր կհեռանա Հնդկաստանից: Նա նախորդ շաբաթվա վերջին ավարտին է հասցրել վաճառքի գործարքը:


Ֆոուլերը կարոտով է հիշում այն ժամանակները, երբ հյուրանոցի շրջակայքը լի էր հայ և հրեա ընտանիքներով, որոնք տարիների ընթացքում հեռացել են քաղաքից:


Հյուրանոցի նոր սեփականատերը խոստացել է պահպանել հյուրանոցի ժառանգությունը:


Ֆոուլերի պապիկն ու տատիկը՝ Մինաս և Ռոզի Սարգիսները, 1917 թվականին փախել են Օսմանյան կայսրությունից ու բնակություն հաստատել Կալկաթայում: Նրանք ձեռք են բերել «Ֆեյրլոն»-ի տարածքը և այն դարձրել հյուրանոց։ Հետագայում այն փոխանցվել է իրենց դստերը՝ Վիոլեթ Սմիթին, որն ամուսնացել է բրիտանացու հետ: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ այն երկու տարով տրամադրվել էր կանադական օդուժին:


Չնայած նրան, որ հյուրանոցում բազմաթիվ աստղեր են մնացել՝ հյուրանոցն իր հմայքի համար հիմնականում պարտական է հնդիկ հայտնի դերասան Շաշի Կապուրի և անգլիացի դերասանուհի Ջենիֆեր Քենդալի սիրավեպին, որոնք իրենց մեղրամիսն են անցկացրել հյուրանոցում: