Մահմուդ Աբասն 9 տարվա ընթացքում առաջին անգամ ելույթ կունենա ՄԱԿ-ի ԱԽ-ում և կոչ կանի դատապարտել Թրամփի որոշումը
Պաղեստինյան ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասն ինը տարվա ընթացքում առաջին անգամ ելույթ կունենա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում՝ Իսրայելի հետ ԱՄՆ-ի միջնորդությամբ ընթացող բանակցությունների այլընտրանքի կոչ անելով: Այդ մասին հայտնում է Times of Israel-ը՝ վկայակոչելով պաղեստինցի պաշտոնյաներին:
Աբասը կոչ է անելու միջազգային ուժերին աջակցել խաղաղության շուրջ բանակցություններին և կրկին քննադատել ԱՄՆ-ի կողմից Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշումը:
Պաղեստինցի բարձրաստիճան պաշտոնյա Նասեր ալ-Քուդվան հայտնել է, որ Աբասը փորձելու է աջակցություն ստանալ բանակցությունների բազմակողմ ձևաչափով նախաձեռնության համար:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի սկզբին հայտնել է ԱՄՆ-ի դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու որոշման, ինչպես նաև Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին:










