Իսրայելի ոստիկանությունը կոռուպցիայի գործով ձերբակալել է Նեթանյահուի մերձավորներին

16:27 • 20.02.18

Իսրայելի ոստիկանությունը ձերբակալել է վարչապետ Բինյամին Նեթանյահուի նախկին մամուլի քարտուղար, խորհրդական Նիր Հեֆեցին, ինչպես նաև կապի նախկին նախարար Շլոմո Ֆիլբերին և երկրում ամենախոշոր՝ Bezeq հեռահաղորդակցային ընկերության սեփականատեր Շաուլ Էլովիչին, հայտնում է The Jerusalem Post-ը:


Իսրայելի վարչապետին մոտ անձինք ձերբակալվել են, այսպես կոչված, «գործ 4000»-ի շրջանակում: Քննիչները կարծում են, որ պաշտոնյաներն առաջ են տարել Bezeq-ի շահերն Էլովիչին պատկանող Walla հայտնի ինտերնետային ռեսուրսում Նեթանյահուի աշխատանքի դրական լուսաբանման դիմաց: Նշվում է, որ Իսրայելի վարչապետն այդ գործով չի անցնում:


Գործով անցնող բոլոր կասկածյալները հերքում են անօրինական գործողություններին իրենց ներգրավվածությունը:


Ձերբակալվածների թվում է նաև Bezeq-ի գործադիր տնօրեն Սթելա Հենդլերը, ում կասկածում են կաշառակերության, խարդախության, վստահության չարաշահման և այլ իրավախախտումների համար:


Ավելի վաղ հաղորդվել է, որ Իսրայելի ոստիկանությունը 14 ամիս տևած հետաքննությունից հետո հիմքեր է գտել անմիջապես երկու գործով երկրի վարչապետ Բինյամին Նեթանյահուին կոռուպցիայի և վստահության չարաշահման մեղադրանքներ ներկայացնելու համար: Նա կասկածյալ է «գործ 1000» և «գործ 2000» կոչվող երկու գործի շրջանակում:


Իրավապահ մարմինները գործերից մեկով հետաքննում են վարչապետի կողմից գործարարներից ավելի քան 280 հազար դոլարի թանկարժեք նվերներ ստանալու հանգամանքը:


Երկրորդ գործը կապված է Իսրայելի վարչապետի փորձերի հետ՝ պայմանավորվել երկրում ամենախոշոր թերթերից «Եդիոտ Ահրոնոտ»-ի սեփականատիրոջ հետ՝ կառավարության գործունեությունը բարենպաստ կերպով լուսաբանելու համար: Ոստիկանության վարկածով՝ դրա դիմաց Նեթանյահուն առաջարկում էր ընդունել օրենք, որը կսահմանափակեր թերթի հրմնական մրցակցի՝ «Իսրայել Հայոմի» հնարավորությունները: