Հետաքննության արդյունքներն ի հայտ կբերեն պատասխանատուներին. Կամո Արեյանը՝ Վրացական փողոցի փլուզման ու բնակիչներին փոխհատուցելու մասին

13:28 • 20.02.18

Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ հրավիրվել են համապատասխան մասնագետներ, Կառավարությանն առընթեր Քաղաքաշինության պետական կոմիտեի ներկայացուցիչներ, լիցենզավորված սեյսմիկ հետազոտություն իրականացնող կազմակերպության անդամներ, ստեղծվել է մասնագիտական խումբ, որը փլուզված վայրում պետք է կատարի թե՛ ակնադիտական, թե՛ մասնագիտական հետազոտություն՝ ստուգելու շենքի կոնստրուկցիաների, կրող պատերի, շենքի, միջնահարկերի, աստիճանավանդակի ամբողջ վիճակը:

Այս մասին փլուզված շենքի մոտ՝ Վրացական 10 հասցեում, լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը:

«Ինչ մնում է վթարի հետ կապված մնացած աշխատանքներին, ապա օրենքով սահմանված կարգով լիազորված մարմինների՝ ԱԻՆ-ի տեսչության, ոստիկանության կողմից իրականացվում է հետաքննություն: Սա զուտ մասնագիտական աշխատանք է, որի արդյունքում կպարզվեն պատճառներն ու հանգամանքները, որի վերաբերյալ ես ոչինչ ասել չեմ կարող, ո՛չ մասնագետ եմ, ո՛չ էլ լիազորված մարդ:
Ես վարկածային դիտարկումների չեմ հետևում, հետաքննության արդյունքները կփաստեն պատճառների մասին:

«Առաջին անհրաժեշտության աշխատանքներ էլ կիրականացնենք այսօրվանից սկսած, որպեսզի քաղաքացիները շատ վնաս չկրեն: Ինչ մնում է մուտքի հետ կապված հետագա աշխատանքներին, ամեն ինչ կախված կլինի հետաքննության արդյունքներից և սեյսմիկ անվտանգության տեսանկյունից մասնագետի եզրակացությունը ստանալուց, որն անհետաձգելիորեն իրականացնում ենք»,- ասաց փոխքաղաքապետը:

Հարցին, թե ով է փոխհատուցելու վնաս կրած բնակիչներին, փոխքաղաքապետը պատասխանեց, որ օրենսդրորեն իրականացման կարգ գոյություն ունի, որտեղ պետք է հետաքննություն իրականացվի, և պարզվեն պատճառները: Նրա խոսքով՝ հետաքննության արդյունքներն ի հայտ կբերեն նաև պատասխանատուներին, թե ում պատճառով է եղել պայթյունը, ով է պատասխանատու: Հետաքննության արդյունքը երբ լինի, ըստ այդմ էլ օրենսդրորեն կառաջանա թե՛ պատասխանատվության, թե՛ փոխհատուցման հարցը.

«Այս պահին, առանց հետաքննության արդյունքների, մենք ձեռնամուխ ենք լինելու աջակցել այն մարդկանց, ում տան ապակիները փշրված են հարակից շենքում, հետնամասի շենքում»:

Թե ինչպես է լուծվելու ժամանակավոր կեցության հարցը, փոխքաղաքապետն ասաց, որ ակնադիտական առաջին դիտարկման փուլում խորհուրդ չեն տալիս, որ այս մուտքի բնակիչները շարունակեն ապրել այդ շենքում.

«Եթե մարդկանց կյանքին վտանգ է սպառնալու, անթույլատրելի է այստեղ ապրելը, ուրեմն պետք է փորձենք կարգավորել ժամանակավոր կեցության հարցը՝ բարեկամների մոտ, եթե չունեն դրա հնարավորությունը, մենք վարչական շրջանի աշխատակիցների հետ մի բան կկազմակերպենք, բայց այն դեպքում, եթե հաստատվի, որ անվտանգությունը երաշխավորված չէ»:

Հիշեցնենք, որ այսօր՝ վաղ առավոտյան՝ ժամը 05:11-ին, Արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վրացական փողոցի 10 շենքի 4-րդ մուտքում տեղի է ունեցել պայթյուն:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վրացական փողոցի 10 շենքի 4-րդ մուտքի բնակարաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով փլուզվել են բնակարանի միջնապատերը և պատշգամբը ամբողջությամբ, վնասվել են 2-րդ, 3-րդ և 4-րդ հարկերի պատուհանները: