«Կանոնակարգման» տակ հասկանում եմ, որ կսահմանափակվեն ավագանու լիազորությունները՝ խոչընդոտներ ստեղծելով նաև ԶԼՄ-ների աշխատանքի համար. Դ. Խաժակյան

14:33 • 20.02.18

Երևանի ավագանու կանոնակարգ օրենքում փոփոխություններ իրականացնելու քաղաքապետի հանձնարարականը՝ լրատվամիջոցների աշխատանքի կանոնակարգման վերաբերյալ առաջարկներ ներկայացնելու մասին, լրատվամիջոցների աշխատանքի սահմանափակման փորձ է, կարծում է ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:

Նրա խոսքով՝ ներկայիս կանոնակարգով նախատեսված չեն այնպիսի դրույթներ, որոնք ավագանու նիստի ժամանակ էական դերակատարում կարող են ունենալ:

«Ներկայացված են ընդամենը ընթացակարգեր, և ես ենթադրում եմ, որ կրկին այնպիսի սահմանափակումներ են ներառել, որոնք ըստ էության կսահմանափակեն նաև ավագանու լիազորությունները և խոչընդոտներ կստեղծեն ավագանու անդամի լիազորությունների կատարման ժամանակ: Ես երկու դեպքում էլ կանոնակարգման տակ սա եմ հասկանում»,-ասաց Խաժակյանը:

Հիշեցնենք, որ ինչպես նշվում է Երևանի քաղաքապետարանի կայքում, աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևանի ավագանու աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով աշխատակազմի իրավաբանական վարչությանը, քաղաքապետի խորհրդական Գագիկ Բաղդասարյանին և աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանին հանձնարարել է ներկայացնել ավագանու կանոնակարգում փոփոխություններ կատարելու մասին առաջարկություններ՝ դրանք նախապես քննարկելով Երևան քաղաքի ավագանու խմբակցությունների հետ:

Այսօրվա կանոնակարգում էլ Դավիթ Խաժակյանը խնդիրներ տեսնում է, իսկ սահմանափակումները, որոնք նրա կարծիքով կմտցվեն, համաչափ չեն ինչպես ավագանու անդամի, այնպես էլ նրանց գործունեությունը լուսաբանող ԶԼՄ-ների համար:

«Մենք լրատվամիջոցների աշխատանքի մասով մշտապես բախվել ենք մի խնդրի, երբ ավագանու առանձին անդամ ցանկացել է լրատվամիջոցին հրավիրել իրենց խմբակցության սենյակ և հարցազրույց տալ, ասել են, որ պետք է նման հրավեր լինի խմբակցության ղեկավարի կողմից, որպեսզի թույլ տան լրատվամիջոցի մուտքը քաղաքապետարան: Հիմա, երբ որ ես որպես խմբակցության ղեկավար դիմել եմ, խնդիր չի եղել, բայց այդ սահմանափակումը ավագանու անդամի նկատմամբ, կարծում եմ, անհամաչափ սահամանափակում է: Հիմա, եթե պետք է սրանից էլ ավելի կանոնակարգվի, ես կարծում եմ, որ դա ռեգրես է լինելու»,-ասաց նա:

Դավիթ Խաժակյանը կարծում է, որ ինչպես այս, այնպես էլ կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու հեռանկարը ակնհայտորեն խոչընդոտում է պետական և համայնքային մարմինների գործունեության թափանցիկությանը:

«Ակնհայտորեն այդ սահմանափակումները միտված են քննարկումները, իրենց որոշումները շատ ավելի արագ, առանց հասարակության ներգրավման անցկացնելու համար: Եվ, բնականաբար դա թե՛ ժողովրդավարության տեսանկյունից, թե՛ պետության զարգացման տեսանկյունից շատ բացասական ապագա է բերելու»,-ասաց Խաժակյանը:

Նա կարծում է, որ ինչպիսի կանոնակարգումներ էլ որ արվեն, չեն կանխելու նմանատիպ միջադեպը, որ տեղի ունեցավ Ավագանու նախորդ նիստի ժամանակ, (նկատի ունի «Երկիր Ծիրանի» և ՀՀԿ խմբակցությունների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի միջադեպը):

«Չի կարող նման սահմանափակում ձևակերպվել, որը համաչափ կլինի ավագանու անդամի լիազորությունների համար»,-ասաց նա: