Իրաքյան Քիրքուքում բոլոր քուրդ սպաների փոխարեն կնշանակվեն արաբներ և թուրքմեններ. լրատվամիջոցներ

12:17 • 20.02.18

Իրաքի Քիրքուք շրջանում, որը վիճելի տարածք է համարվում Բաղդադի ու Էրբիլի միջև, ներքին գործերի փոխնախարար Էքիլ Մահմուդ Խեզելիի նոր հրամանով ոստիկանական և ռազմական քուրդ սպաների փոխարեն նշանակվել են արաբ և թուրքմեն սպաներ, գրում է քրդական Rudaw գործակալությունը:

Նշվում է, որ այս հրամանով աշխատանքից կարող է ազատվել շուրջ 700 քուրդ սպա: Հայտնի է, որ Քիրքուքում, ընդհանուր առմամբ, ծառայություն է իրականացնում 900 սպա:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Իրաքի զինված ուժերը երկրի հյուսիսում գտնվող թուրքմեններով, արաբներով և քրդերով բնակեցված Քիրքուք շրջանի վրա գրոհ էր նախաձեռնել: Կարճ ժամանակ անց իրաքյան բանակին հաջողվել էր վերահսկողություն սահմանել Քիրքուքի օդանավակայանի և կարևոր նավթահանքերի օբյեկտների նկատմամբ՝ քրդական ուժերի զանգվածային նահանջի արդյունքում:

Քիրքուքը պաշտոնապես Իրաքյան Քրդստանի մաս չի կազմել, սակայն տեղի քրդերը մասնակցել են անկախության վերաբերյալ հանրաքվեին: 2017 թվականի սեպտեմբերի 25-ին կայացած անկախության հարցով հանրաքվեն ավելի ուշ չեղարկվել է Իրաքի Գերագույն դաշնային դատարանի որոշմամբ: