«Ասեք ժամն ու վայրը, և ես այնտեղ կլինեմ». Մադուրոն երկխոսություն սկսելու առաջարկով դիմել է Թրամփին

10:34 • 20.02.18

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն դիմել է ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփին՝ առաջարկելով երկխոսություն սկսել ու դրա համար «վայր ու ժամ» ընտրել, տեղեկացնում է ria.ru-ն:

«Դոնալդ Թրամփը կոչ էր անում չմիջամտել այլ պետությունների ներքին գործերին: Եկել է այդ ասածը կյանքի կոչելու և ագրեսիայի փոխարեն երկխոսություն սկսելու ժամանակը: Որտե՞ղ է երկխոսությունը սկսվելու՝ Կարակասո՞ւմ, թե՞ Վաշինգտոնում: Ասեք ժամն ու վայրը, և ես այնտեղ կլինեմ»,-իր թվիթերյան միկրոբլոգում գրել է Մադուրոն:

Ավելի վաղ Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն դիտարկում է Վենեսուելայի նկատմամբ նավթային էմբարգո սահմանելու հավանականությունը: Թիլերսոնն ընդգծել էր, որ ԱՄՆ-ն չի կարող «ձեռքերը ծալած» հետևել՝ ինչպես է Վենեսուելայում ոչնչացվում ժողովրդավարությունը:

Հիշեցնենք, որ Վենեսուելան մոտ մեկ տարի գտնվում է ֆինանսատնտեսական կոլապսի մեջ: