ԱՊՀ երկրների հակաահաբեկչական կառույցների ղեկավարները հանդիպում կանցկացնեն Մերձմոսկովյան շրջանում
ԱՊՀ երկրների հակաահաբեկչական կառույցների ղեկավարները կհավաքվեն Մերձմոսկովյան շրջանի Օդինցովո քաղաքում՝ համաձայնեցնելու համաշխարհային ահաբեկչական վտանգի վերափոխման պայմաններում համատեղ աշխատանքի ուղղությունները: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով հանդիպումը կազմակերպող ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնի մամուլի ծառայությանը:
Նախատեսվում է ԱՊՀ անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների պատվիրակությունների, միջազգային կազմակերպությունների, մի շարք ռուսական գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությունը:
ԱՊՀ անդամ երկրների ազգային հակաահաբեկչական կենտրոնների ղեկավարների XI խորհրդակցության թեման է լինելու «Ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում ԱՊՀ անդամ պետությունների իրավասու մարմինների համագործակցության ակտուալ ուղղությունները»:
Օրակարգում է ահաբեկչական սպառնալիքների գնահատականը ժամանակակից փուլում: Մասնավորապես՝ քննարկվելու է Սիրիայի և Իրաքի տարածքում ահաբեկչական վտանգի վերափոխման պայմաններում իրավիճակի զարգացման կանխատեսումը, միջազգային ահաբեկչական կազմակերպությունների հետաքրքրությունների ոլորտի՝ աշխարհի այլ տարածաշրջաններ տեղափոխվելու հնարավորությունների գնահատումը, ԱՊՀ երկրների արտաքին սահմաններին ահաբեկչական հնարավոր դրսևորումները:










