Էլեկտրաէներգիայի սակագնի նվազմանը նպաստող դրական գործոնները բավարար չեն եղել նվազեցման համար. ՀԾԿՀ (տեսանյութ)
2018 թվականի փետրվարի 1-ին դրական գործոնները, որոնք նպաստում են էլեկտրաէներգիայի սակագնի նվազմանը, բավարար չեն եղել, որ գործող մակարդակն ավելի նվազեցվի:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանը` անդրադառնալով Factor.am-ի հրապարակմանը, ըստ որի՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության բաշխիչ ցանցում արձանագրված կորուստները 2017 թ-ի արդյունքներով կազմել են 8,8 տոկոս:
«Այն գործոնները, որոնք «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության բաշխիչ ցանցում արձանագրված կորուստների նվազման են բերել, թույլ են տվել, որ մենք փետրվարի 1-ից պահպանենք սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագները նույն մակարդակի վրա, ինչ-որ ունեինք 2017 թվականին: Ատոմակայանի՝ 450 միլիոնով քիչ արտադրելը էներգահամակարգի վրա մոտ 9 միլիարդ լրացուցիչ բեռ է եղել: Այսինքն՝ մենք կարողացել ենք ներքին ռեսուրսներ գտնել՝ այդ 9 միլիարդը չեզոքացնելու համար»,- ասաց նա:
- «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության բաշխիչ ցանցում արձանագրված կորուստները 2017 թ-ի արդյունքներով կազմել են 8,8 տոկոս, որը սակագնի վրա ազդող հիմնական գործոններից մեկն է:Եթե անգամ սակագնի նվազման հայտ չեք ստացել, ՀԾԿՀ-ի իրավասությունների մեջ է մտնում սեփական նախաձեռնությամբ այն վերանայել, նման բան նախատեսվո՞ւմ է:
- 2017 թվականի վերջին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախաձեռնությամբ ձեռնարկվել է արտադրող կայանների ծառայություններ մատուցողների սակագների վերանայման գործընթաց, և փետրվարի 1-ից գործում են 2018 թվականի նոր սակագներ: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում կորուստները նվազել են, և դա ընդամենը մեկ գործոն է, իսկ ընդհանուր սակագինը բազմաթիվ գործոններից է կախված: Դա, նախ և առաջ, պայմանականորեն երեք մասի կարող ենք բաժանել, առաջինը՝ մեծածախ էլեկտրաէներգիայի սակագները, երկրորդը՝ ծառայություններ մատուցողները և ևս մեկ օղակ`բաշխիչ ցանցերը:
- Նշում եք, որ մեկ գործոն է, բայց կարևոր գործոն է. հաշվի առնելով, որ երբ խոսվում է սակագնի նվազման մասին, մատնանշվում է հենց կորուստների մեծ լինելու խոչընդոտը, հիմա ,երբ դրանք այսքան նվազել են, սպառողներն ինչպե՞ս են դրա արդյունքները նկատելու:
- Սպառողներն, անպայման, կնկատեն արդյունքները: Պարզապես խնդիրը լավ պատկերացնելու համար պետք է ընդհանուր համակարգը ներկայացնել, և ես արդեն ասացի, որ ոչ միայն այդ գործոնից է կախված, այլ կախված է փոխարժեքից, բնական գազի արժեքից, էլեկտրաէներգիայի արտադրության կառուցվածքից, որը ամենակարևոր գործոններից մեկն է: 2018-2019 թվականներին նախատեսվում է հայկական ատոմային էլեկտրակայանի ծառայության ժամկետի երկարաձգման աշխատանքներ և կայանը պլանավորվածից շատ ավելի երկար է կանգնելու։ 2018 թ-ին 450 միլիոն կիլովատ-ժամ ավելի քիչ էլեկտրաէներգիա է արտադրվում հայկական ատոմային էլեկտրակայանում, որը պետք է փոխարինվի ջերմակայաններով, դա բերել է արտադրության մեծածախ էլեկտրաէներգիայի սակագնի աճին: Մնացած գործոնները, որոնք բերել են որոշակի նվազման, թույլ են տվել, որ մենք փետրվարի 1-ից սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագները պահպանենք նույն մակարդակին, ինչ-որ ունեինք 2017 թվականին:
- Այսինքն, եթե կորուստների նվազումն այսքան չլիներ, սակագինը բարձրանալո՞ւ էր:
- Կորուստների առումով պետք է որոշակի պատմական ակնարկ կատարեմ, 2015 թվականին, երբ տեղի ունեցավ սակագնի բարձրացում, եղան որոշակի բողոքի ակցիաներ և որոշում կայացվեց, որ հանձնաժողովի կողմից հաշվարկված սակագները միջազգային խորհրդատվական ծառայությունը պետք է ներկայացվի մոնիթորինգ և աուդիտ: Հայաստանի էլեկտրական ցանցերի համար 5 տարվա ժամանակահատվածի համար ֆիքսված են որոշակի ցուցանիշներ, կորուստների մեծության, շահագործման և պահպանման ծախսեր:
- Հիմա, այդ գործոնները հաշվի առնելով, իրատեսակա՞ն եք համարում սակագնի նվազումը և դա արդյոք չի՞ մեղմի այն դժգոհությունը հանձնաժողով նկատմամբ, որի մասին Դուք նշեցիք:
-2017 թվականի փետրվարի 1–ին դրական գործոնները, որոնք նպաստում են սակագնի նվազմանը, բավարար չեն եղել, որ գործող մակարդակը ավելի նվազեցվի: Հայաստանի էլեկտրական ցանցերի մասով նախատեսված է երկարաժամկետ ներդրումային ծրագիր` առանց ավելացրած արժեքի շուրջ 400 միլիարդ ներդրումներ և դրանց զուգահեռ ֆիքսված են թիրախային ցուցանիշներ: 2020 թվականի ավարտին ՀԷՑ-ը պետք է հասնի հետևյալ թիրախային ցուցանիշներին`իրենց էլէներգիայի կորուստները պետք է կազմեն 7,5 տոկոս և գրեթե մոտենում են այդ ցուցանիշին, ոռոգման և նյութական ծախսերի կրճատում պետք է ունենան` շուրջ 30 տոկոս, աշխատողների թվաքանակի կրճատում պետք է ունենան` 1100 հոգի: Այդ բոլորը նվազեցնող գործոններ են, բայց պնդել, թե ինչ կունենանք 2019, 2020 թվականներին դժվար է կանխատեսել:
- Դուք կարծում եք, որ հանձնաժողովը հանրային վստահության խնդիր ունի՞:
–Մենք փորձում ենք մաքսիմալ հրապարակային լինել, բոլոր մեր որոշումները մինչև ընդունումը քննարկվում են և ՀԿ-ների հետ, աշխատանքային քննարկումներ են լինում:Կարծում եմ, որ վստահությունը քիչ-քիչ բարձրանում է, որին նպաստեց նաև միջազգային կազմակերպության արված աուդիտը: Հանձնաժողովին ավելի հաճելի է սակագները նվազեցնել, քան բարձրացնել, բայց մենք մեր պրոֆեսիոնալ գործն ենք անում: Ատոմակայանի 450 միլիոն քիչ արտադրելը էներգահամակարգի վրա մոտ 9 միլիարդ լրացուցիչ բեռ է: Այսինքն` մենք կարողացել ենք ներքին ռեսուրսներ գտնել այդ 9 միլիարդը չեզոքացնելու համար:
- Ատոմակայանի վերաբերյալ Էներգետիկ և բնական պաշարների փոխնախարարն ասել էր, որ ներդրումների հիմնական շեշտադրումը անվտանգության ուղղություն է, և հզորությունն է մեծանալու, դրա արդյունքները ե՞րբ կզգա սպառողը:
- Կարծում եմ` արդեն 2020 թվականից, երբ ատոմակայանը երկարաժամկետ վերազինումը կավարտի, գրեթե 100 տոկոսանոց հզորությամբ դուրս կգա, դա մոտ 440 մեգավատ է։ Այսօր այն 385 մեգավատով է աշխատում և որքան բարձրանա հզորությունը, ավելի շատ էլեկտրաէներգիա կարտադրի:
- Հիմա, հաշվի առնելով, որ 2020 թվականին ատոմակայանն է աշխատելու, կորուստներն են ավելի նվազելու, կա՞ տեսլական, թե սակագնի վրա ինչ անդրադարձ կունենա:
-Այդ երկու գործոնները բավական դրական ազդեցություն կունենան, բայց 2020 թվականին, եթե կանխատեսեք, թե դրամ-դոլար փոխարժեքը, կամ գազի գինը, նոր կարող ենք հաշվարկել:
Մանրամասները տեսանյութում:










