Դեղատոմսով դեղերի բացթողումը ճիշտ որոշում է, բայց  տարբեր խնդիրներ կառաջացնի. դեղատան աշխատակիցներ (տեսանյութ)

20:19 • 22.02.18

Մարտի 1-ից ուժի մեջ կմտնի ՀՀ կառավարության «Դեղատոմսերի ձևերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու կարգը, ինչպես նաև դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու մասին» որոշումը, որով Հայաստանում մի շարք դեղեր հնարավոր կլինի ձեռք բերել միայն դեղատոմսով:

«Ճիշտ որոշում է և վաղուց պետք է  արվեր»,– Tert.am –ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց մայրաքաղաքի դեղատներից մեկի աշխատակից Վարդուհի Ֆաքիրյանը:

Նշենք, որ դեղատոմսով կվաճառվեն միայն հակաբիոտիկները, հորմոնային պրեպարատները եւ կոդեին պարունակող դեղերը, իսկ հուլիսի 1-ից՝ բոլոր ներարկումային և հակաուռուցքային դեղերը, արդեն հոկտեմբերի 1-ից՝ մնացած բոլոր դեղերը:

«Դրա կարիքը շատ կա այն առումով, որ հակաբիոտիկները, հորմոնային պրեպարատները վտանգավոր են համարվում: Ամեն մի պատահական մարդ իրավունք չունի օգտագործել, դրանք խիստ դոզավորված պետք է լինեն տվյալ անձի համար, ասենք հակաբիոտիկային զգայունությունը պետք է պարտադիր որոշվի տվյալ հիվանդության համար, նոր հակաբիոտիկը նշանակվի համապատասխան դեղաչափով, համապատասխան տվյալ անձի տարիքի»,-ասաց Ֆաքիրյանը:

Tert.am-ի դիտարկմանը, որ Առողջապահության նախարարությունը նաև ինչ–որ չափով ապավինում է դեղատան աշխատակցիների բարեխղճությանը, որ առանց բժշկի դեղատոմսի դեղեր բաց չեն թողնի, դեղատան աշխատակիցն արձագանքեց, որ նման խնդիր կա:

Նա կարևորեց նաև մասնագիտական պատրաստվածության խնդիրը՝ նշելով, որ ցանկալի է վերապատրաստումներ լինեն դեղատան աշխատակիցների շրջանում:

«Մի օր առաջ էլ եղել է,  որ պետք էր նշանակվեր հիվանդության հետ կապված հակաբիոտիկ, ես իրեն ուղարկել եմ առաջին հերթին բժշկի մոտ, որպեսզի ստուգեն` միգուցե գաղտնի թոքաբո՞րբ է տանում, միգուցե բրոնխիտ է: Երկու դեպքում էլ տարբեր են, նախ հակաբիոտիկներն են տարբեր, երկրորդն էլ չափաբաժինն է այլ լինում: Առավոտյան եկել են արդեն դեղատոմսով ու բացթողումն արել եմ»,-ասաց նա :

Դեղերի վաճառքի գործընթացի համար նոր կանոնակարգման դրական կողմերից բացի, դեղատան աշխատակիցը նշեց, որ այն նաև որոշակի խնդիրներ կառաջացնի:

«Խնդիրներ կառաջանան, բնականաբար, ժողովրդի մեծ մասը կգնան պոլիկլինիկաներ, եթե աշխատանքն էլ չարվեց ըստ արժանվույն, ուրեմն այնտեղ հերթեր կգոյանան հավանաբար, իսկ դա կբերի ազգաբնակչության դժգոհությանը: Հիմա էլ, որ գալիս  են մարդիկ,  դրա մասին են խոսում: Այդ խոսակցությունը դեղատոմսով բացթողնման եղել է դեռ 10, 12 տարի առաջ, բայց նոր է թղթի վրայից օրենքի կոչվում»,-ասաց նա: 

Մայրաքաղաքի մեկ այլ դեղատանը աշխատակից Քրիստինա Ավագյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ քանի որ մեր ազգաբնակչության շրջանում հատկապես հակաբիոտիկների անհարկի օգտագործումը լայնորեն տարածված է, ուստի կանոնակարգումը ինչ-որ չափով ճիշտ է։

«Մեր ժողովրդի մեջ տարածված է հակաբիոտիկների ընդունումը, շատ ժամանակ գալիս են, փորձում են իրենք իրենց հակաբիոտիկների միջոցով բուժել: Հորմոնալ դեղերի դեպքում էլ պետք է դրանք բաց թողնվեն բժշկի դեղատոմսով, որովհետև դրանք այդպիսի պրեպարատներ չեն, որ իրենք գան, որոշեն պետք է  խմեն, մենք էլ ազատ վաճառենք»,-ասաց նա:

Նա նշեց, որ ներկայում էլ զգոն են հակաբիոտիկների վաճառքի առումով:

«Լինում է` ինքնուրույն ուզում են, բայց մենք աշխատում ենք թեկուզ հակավիրուսային վիճակներից հակավիրուսային պրեպարատներ կամ ցավազրկողներ առաջարկել բուժման համար»,-ասաց նա:

Մանրամասները՝տեսանյութում։