«Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանի մոտ հիմնական շինարարություն չի կատարվում, շարժական տաղավարներ են տեղադրվում դիմացը. գյուղապետարան (լուսանկար)
Գառնիում գտնվող «Քարերի սիմֆոնիա» կոչվող հուշարձանի դիմաց շինարարությունը, որը կատարվում է Գառնի գյուղի բնակիչներից մեկի մասնավոր ընկերության կողմից, հիմնական չէ. դիմացում տեղադրվելու են շարժական տաղավարներ: Այս մասին Tert.am-ին հայտնեց Գառնու գյուղապետարանի քարտուղար Վարդան Մարտիրոսյանը:
«Փայտից «բեսեդկաներ» են սարքում, ասեմ, որ համայնքապետարանից թույլտվություն տալու խնդիր չկա, որովհետև դա հիմնական շինարարություն չէ, փայտից «բեսեդկա» է, ու էդ ծրագիրը, որ սեփականատերն իրականացրել է, եկել, գնահատել են, ՓՄՁ-ն է ֆինանսավորում: Ու ինքը ենթակա է քանդվելու»,- ասաց գյուղապետարանի քարտուղարը:
Հիշեցնենք, որ երեկվանից մի շարք օգտատերեր ահազանգում են «Քարերի սիմֆոնիայի» մոտ բեռնատարի առկայության ու շինարարության մասին:
««Քարերի սիմֆոնիայի» հետ տեղի ունեցողը հանցագործություն է: Ինչ էլ որ անեն, ինչպես էլ որ անեն: Հատկապես՝ որևէ քարի տեղաշարժը: Բայց սա, նախ և առաջ, ապտակ է պետության երեսին, որովհետև իրեն հարգող որևէ երկրում պետությունը չի կարող որևէ մեկին թույլ տալ այսպիսի պահվածք: Որտե՞ղ է մամուլը, որտե՞ղ են քաղաքական գործիչները: Սպասում են այս կամ այն պաշտոնյայի անհեթեթ ցնորամտություններին և տուրիզմի զարգացման հետ կապված կեղծ բացատրությունների՞ն: Վաղը Մատենադարանում գիշերային ակումբ կբացեն, մյուս օրը՝ Կոմիտասի պանթեոնը էլիտար բնակարանային համալիրի շինարարության համար կհատկացնեն: Որտե՞ղ է սահմանը, որտե՞ղ է կարմիր գիծը: Ու՞ր է հասել պետությունը: Եվ որտե՞ղ է ժողովուրդը»,- գրել է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը:
Հիշեցնենք, որ հուշարձանը գտնվում է Գառնու հեթանոսական տաճարի մոտակայքում` Ազատ գետի կիրճում, և ներառված է բնական հուշարձանների ցանկում:
Առաջին անգամ «Քարերի սիմֆոնիայի» հետ կապված խնդիրն էկոակտիվիստները բարձրաձայնեցին դեռ 2007-ին: Քարերն անխնա ջարդվում ու տարվում էին պաշտոնյաների, անգամ մշակույթի գործիչների առանձնատները կառուցելու համար:
Գյուղապետարանի քարտուղարն ասաց, որ որևէ ոտնձգություն չի կարող կատարվել իրենց հարստության՝ «Քարերի սիմֆոնիա» -ի նկատմամբ:
Գյուղապետարանից նշեցին, որ սրանք մերկապարանոցային խոսքեր չեն, տարածքը նկարելու են, գցեն Գառնու համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում:
Լուսանկարը՝ Gor Ayzak Hovhannisyan-ի ֆեյսբուքյան էջից










