Գրեթե ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել 2016թ. Երևանում ցույցերի ընթացքում անհամաչափ ուժի կիրառման համար. Amnesty International
Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է մարդու իրավունքների հետ կապված վիճակի վերաբերյալ իր ամենամյա 2016/2017 թվականների զեկույցը: Իրավապաշտպան կազմակերպության զեկույցը փաստագրում է աշխարհի 159 երկրներում և տարածքներում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը 2017 թվականի ընթացքում:
Ինչպես նշում է իրավապաշտպան կազմակերպությունը Հայաստանին վերաբերող հատվածում՝ գրեթե ոչ մեկ պատասխանատվության չի ենթարկվել ոստիկանության կողմից 2016 թվականին Երևանում ցույցերի ընթացքում անհամաչափ ուժի կիրառման համար: Նշվում է, որ տասնյակ ցուցարարների դեմ հարուցվել են քրեական գործեր՝ հասարակական կարգի ենթադրյալ խախտման և այլ հանցագործությունների համար: Ոստիկանների կողմից լիազորությունների չարաշահման մասին պնդումների հիման վրա հարուցված քրեական գործով մեղադրանքներ չեն ներկայացվել:
Պատանդներ վերցնելու և այլ բռնի գործողությունների համար մեղադրվող ընդդիմադիրների դատավարություններում խախտվել է արդար դատավարության իրավունքը: Մի քանի մեղադրյալների խոսքերով՝ նրանք կալանքի տակ գտնվելու ժամանակ ծեծի են ենթարկել, իսկ փաստաբանները հայտնել են, որ նրանց վրա ճնշումներ են գործադրվում և նպատակամղված խանգարում են նրանց աշխատանքը:
Իրավապաշտպանները նշում են, որ վերսկսվել են իրավապաշտպան Մարինա Պողոսյանի գործով դատական լսումները: Նա հայտնի է կոռուպցիոն մեխանիզմների բացահայտումներով և իրավաբանական օգնություն է տրամադրում անձանց, որոնց իրավունքները խախտվել են:
Խորհրդարանական և Երևանի ավագանու ընտրություններն ուղեկցվել են բռնության դեպքերով:
Զեկույցում նշվում է, որ ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման հարցերով հանձնաժողովն անհանգստություն է հայտնել փոքրամասնությունների, փախստականների և ապաստանի համար դիմողների կողմից տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների իրացման մասին տվյալների բացակայության առնչությամբ: Այն նաև նշել է, որ բացակայում են ազգային փոքրամասնությունների (մոլոկաններ, լոմեր) մասին տվյալները և խնդրել է իշխանություններին հավաքել տնտեսական և սոցիալական ցուցիչներով տվյալները՝ ազգությունների, քաղաքացիության և ծագման երկրի տարանջատմամբ:










