ԱԺ-ում լսումներ են կազմակերպվել՝ «Սումգայիթյան ջարդեր. հայատյացությունը որպես Ադրբեջանի պետական քաղաքականություն» թեմայով (ուղիղ)

11:45 • 22.02.18

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն այսօր կազմակերպել է «Սումգայիթյան ջարդեր. հայատյացությունը որպես Ադրբեջանի պետական քաղաքականություն» թեմայով խորհրդարանական լսումներ: Ներկաները հինգ րոպե լռությամբ հարգեցին Սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակը: 

Հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն ասաց, որ կարող ենք մտածել, որ այս ամենը բացառապես պատմություն է, սակայն պատմությունը վերականգնվելու հատկություն ունի:

Ըստ նրա, թեև Սումգայիթյան ջարդերի հետ կապված ողջ իրողությունը այս 30 տարիների ընթացքում հայտնի է, և ժամանակի ընթացքում ի հայտ են գալիս նոր փաստեր, իսկ հայկական իշխանությունները հետամուտ են եղել հարցի լիարժեք արծարծմանը, սակայն այս տարիների ընթացքում միջազգային հանրության շրջանում փոխվել են քաղաքական դերակատարներ, տեղի է ունեցել քաղաքական սերնդափոխություն և էթնիկ զտումները, բռնությունները մատնվել են մոռացության և պատշաճ կերպով չեն արտահայտվել մեր խորհրդարանական դիվանագիտական շրջանում:

«Այս լսումները նպատակ ունեն ևս մեկ անգամ վերադարձնել միջազգային հանրությանը այն ողբերգությունները, որ տեղի են ունեցել Արցախյան շարժման ծագման պահից առ այսօր: Եվրոպական խորհրդարանն այս տարիների ընթացքում 10 հատուկ բանաձև է ընդունել Արցախյան հիմնախնդրի հետ կապված: Դեռևս 30 տարի առաջ եվրոպական քաղաքական մարմինը կոչ է արել տեր կանգնել Սովետական Ադրբեջանի տարածքում ապրող հայերի կյանքին»,- ասաց Աշոտյանը:  

Հանձնաժողովի նախագահը տեղեկացրեց, որ խորհրդարանը նախաձեռնել է նաև Սումգայիթյան ջարդերին նվիրված հայտարարության քննարկում: «Հայտարարության տեքստին միացել են ԱԺ 4 խմբակցությունները: Հայտարարությունն ամփոփում է հայատյաց քաղաքականության դրսևորումները և գնահատականներ է տալիս նրանց վարած հակահայ քաղաքականությանը»,-ասաց նա և հիշեցրեց բոլորովին վերջերս Ալիևի արած հայտարարությունները, որոնք ըստ նրա վկայում են, որ սա միայն պատմություն չէ, այլ իրականություն է:

«Երեկ Ադրբեջանի կողմից հետախուզման միջոցով մեր հայրենակից Գասպար Կարապետյանին գտնելու հայտարարություն արվեց»,-ասաց Աշոտյանն ու հիշեցրեց, որ Գասպար Կարապետյանը անձնուրաց հայորդի է:

«Վստահ եմ, որ եվրոպական կառույցները չեն տրվի այն սադրանքներին, որոնք կարող են սահմանափակել մեր ազատության և մեր խոսքի իրավունքը»,-ասաց նա: