ԱՄՆ-ում ռադիոհաղորդավարուհին ուղիղ եթերով հեռարձակել է իր ծննդաբերությունը

11:15 • 22.02.18

Ամերիկյան Սենթ Լուիս քաղաքի The Arc ռադիոկայանի հաղորդավարուհի Քեսիդի Փրոքտորն ուղիղ եթերով հեռարձակել է կեսարյան հատման միջոցով իրականացվող ծննդաբերությունը, հայտնում է BBC-ն:

Աղբյուրը մանրամասնում է, որ Փրոքտորի մոտ ծննդաբերական ցավերը սկսվել են երկուշաբթի՝ նախանշված ժամկետից 2 շաբաթ շուտ: Ռադիոկայանը, որտեղ աշխատում է կինը, համագործակցում է այն հիվանդանոցի հետ, որտեղ հաղորդավարուհին լույս աշխարհ է բերել փոքրիկին, ուստի՝ նա որոշել է ուղիղ եթերով հեռարձակել  վիրահատարանում կատարվող գործընթացը:

BBC-ի հետ զրույցում կինն ասել է, որ ինքը նման որոշում է կայացրել պահի ազդեցության տակ:

«Դա ուղղակի անհավանական էր՝ կյանքիս ամենահուզիչ օրով կիսվել ռադիոունկնդիրներիս հետ»,-հավելել է երջանիկ մայրիկը:

Նա նաև ընդգծել է, որ ուղիղ եթերում զավակին լույս աշխարհ բերելն իր համար այնքան էլ տարօրինակ բան չէր, քանի որ ինքն արդեն սովոր է կյանքում կատարվող գրեթե բոլոր իրադարձություններով կիսվել ունկնդիրների հետ:

Նորածնին անվանել են Ջեմսոն: Ի դեպ, անունը նախապես անցկացված քվեարկության միջոցով որոշել էին ռադիոլսողները: