Սումգայիթյան գործընթացը ՀՀ-ի իրավատիրույթից հանվեց, տրվեց օտար ատյանի՝ կոնկրետ քաղաքական վճիռ ստանալու ակնկալիքով, որն էլ ստացվեց. Ա. Մելիքյան
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախաձեռնած «Սումգայիթյան ջարդեր. հայատյացությունը որպես Ադրբեջանի պետական քաղաքականություն» թեմայով խորհրդարանական լսումներին Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը հայտարարեց, թե նման քննարկումներն իր մոտ դեժավյուի տպավորություն են թողնում:
Ըստ նրա՝ հայկական կողմը 30 տարի է՝ նույն բանն է կրկնում. «Մենք 30 տարի ինքներս մեզ պատմում ենք, թե ինչ վատն է ադրբեջանցին, իսկ մենք ի՞նչ ենք անում, ի՞նչ ենք արել: Նախիջևանի մասին խոսք գնաց, որը տեղի է ունեցել ոչ թե 20-21 թթ., այլ 28-ին՝ խաղաղ պայմաններում, որովհետև որոշում կայացվեց, որ պետք է Նախիջևանի հայությունն ապրի Բաքվում, Սումգայիթում, բայց ոչ Նախիջևանում: Ընդունենք այն ժամանակ խորհրդային կարգեր էին, Հայաստանի ղեկավարները չէին կարող միջամտել վերին ատյանի որոշումներին, իսկ ի՞նչ է կատարվում մեր օրերին, ինչպե՞ս ենք վերաբերվում մենք ադրբեջանահայ փախստականների խնդրին: Մենք այդ խնդրին չենք վերաբերվում»:
Ըստ Մելիքյանի՝ հայկական կողմն անընդհատ խոսում է մեռելների ու ցեղասպանության մասին, իսկ թե կենդանի մնացած փախստականների խնդիրը թողնում է օտար արտյանների, ՄԻԵԴ-ի հույսին: Ըստ նրա՝ արվածը միայն քարոզչություն է, այն էլ՝ առանց քաղաքականության, ինչը ոչ այլ ինչ է, քան օդի տատանում:
Արման Մելիքյանը հայտարարեց, թե 2006-2007 թթ. անկախ ՀՀ-ի պայմաններում ՀՀ-ի ոչ պաշտոնական, նաև պաշտոնական մասնակցությամբ մի գործընթաց է ծավալվել: «ՄԻԵԴ-ում վճիռ կայացվեց, ըստ որի՝ Բաքվի, Սումգայիթի, Կիրովաբադի հայությունը դուրս է թողնվել իրավական գործընթացից: Այսինքն՝ այդ դատարանը «ադրբեջանցի» կոչված քուրդ փախստականի և շահումյանցի հայ փախստականի հարցով վճիռներ կայացրեց և ուրվագծվեց հակամարտության գոտին, որից դուրս են մնացել 400-450 հազար հայ փախստականներ: Իսկ ո՞վ գիտի՝ ՀՀ-ից ինչպես ընտրվեցին ու ուղարկվեցին գործերը ՄԻԵԴ»,-հարցրեց նա:
Արցախի նախկին արտգործնախարարը նշեց, թե ունի սուղ տվյալներ դրա հետ կապված: «Կար մի ՀԿ, որը ստեղծվեց Արդարադատության նախարարության կողմից, կոչվում է «Իրավական ուղի», այդ կազմակերպությունը գրանտ էր ստացել Եվրոպայից՝ շուրջ 2 մլն դոլարի սահմաններում: Այդ մարդիկ ընտրել էին գործերը, ուղարկել դատարաններ: Ովքեր են եղել փաստաբանները՝ չգիտեմ, բայց այդ գործընթացը ՀՀ-ի իրավատիրույթից հանվեց, տրվեց օտար ատյանի՝ կոնկրետ քաղաքական վճիռ ստանալու ակնկալիքով, որն էլ ստացվեց»,-հայտարարեց նա:
Արման Մելիքյանի խոսքով՝ այսօր ՀՀ-ում պետք է դատական ատյան ստեղծվի, և քննվեն բոլոր այդ գործողությունները և բոլոր տուժած մարդիկ՝ վճիռների մասով:
«Ցանկացած հայ քաղաքացի պետք է պաշտպանված լինի նաև այդ վճիռներով»,-ասաց նա:










