«Ալիևի մասին իմ խոսքերից հետո ադրբեջանական կողմն անմիջապես գերհուզվեց». Նևզորովն անդրադարձել է Ալիևի օգնականի՝ իր մասին խոսքերին (տեսանյութ)
Ռուս լրագրող և հրապարակախոս Ալեքսանդր Նևզորովը «Эхо Москвы» ռադիոկայանի «Невзоровские среды» հաղորդման ժամանակ մեկնաբանել է «Երևանը վերադարձնելու մասին» Իլհամ Ալիևի հայտարարության վերաբերյալ իր մեկնաբանությունների առնչությամբ Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով օգնական Նովրուզ Մամեդովի խոսքերը:
Նևզորովն անդրադարձել էր Ադրբեջանին և երկրի նախագահ Իլհամ Ալիևի «Երևանը վերադարձնելու» մասին հայտարարությանը՝ Ալիևին «վտանգավոր խելագար» անվանելով: «Հարգելի Ալիևը, թվում է, վտանգավոր խելագար է Երևանի մասին իր խոսակցություններով»,- ասել էր Նևզորովը:
Լրագրողը նշել է, որ անցյալ հաղորդմանը չնայած նա ընդամենն Ալիևին վտանգավոր խելագար է անվանել, բայց «ադրբեջանական կողմն անմիջապես գերհուզվել է»:
«Լսեք, թե ինչ հիանալի են նրանք արտահայտվում: Ինձ անվանում են անպարկեշտ ավանակ, խղճուկ ավանակ, չկայացած ավանակ, պարզապես ավանակ, նողկալի անոմալիա և հիմար: Եվ, ընդ որում, դա ինչ-որ խղճուկ լրագրողական համայնք չի ասում, դա կառավարական մակարդակով է: Դա իմ մասին պաշտոնական հաղորդագրությունում գրում է նախագահական աշխատակազմի ինչ-որ հսկա Նովրուզ Մամեդովը, որը պատասխանատու է ամբողջ արտաքին քաղաքական գործունեության համար»,- ասել է Նևզորովը:
Ռուս հրապարակախոսի խոսքով՝ Ադրբեջանում վրդովվել են իր խոսքերից, որ նա խորհուրդ է տվել Ալիևի ձեռքը ոչ մի սուր առարկա չտալ, հատկապես՝ մեխեր: Նրա խոսքով՝ կարծես նա խանգարում է Ալիևի ատաղձագործության բիզնեսին, որովհետև «մեխերի վերաբերյալ այդ մտահոգությունն ինձ անհանգստացրեց»:
Նևզորովն ընդգծել է, որ «Երևանը վերադարձնելու» մասին իր չմտածված հայտարարությամբ Ալիևը հնարավորություն է ստեղծել նոր անիմաստ փոխադարձ զանգվածային սպանության համար:
«Նա է ստեղծել գաղափարախոսությունը, այն աղբը, որն ավելի ուշ անպայման կկրակի և կկրակի տասնյակ հազարավոր փողերից»,- հավելել է Նևզորովը:
Ռուս հրապարակախոսը նշել է, որ ընդամենը քաջություն է հարկավոր ազնիվ և խելացի քայլ կատարելու համար՝ հայտարարելով, որ չկան որևէ տարածքային պահանջներ և խոստովանելով, որ այդ հայտարարությունը հիմարություն էր:










