Ապացույց չկա. Սեֆիլյանի գործով ամբաստանյալներ Գևորգ Սաֆարյանի և Գալուստ Գրիգորյանի պաշտպանը միջնորդեց արդարացնել նրանց

13:47 • 23.02.18

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում կազմակերպված խմբի կողմից ապօրինի զենք-ռազմամթերք պահելու մեջ մեղադրվող Ժիրայր Սեֆիլյանի, Գևորգ Սաֆարյանի, Հրայր Թոփչյանի, Սասունիկ Կիրակոսյանի, Հովհաննես Պետրոսյանի, Գալուստ Գրիգորյանի, Ներսես Պողոսյանի քրեական գործով այսօրվա դատական նիստին ամբաստանյալներից Գալուստ Գրիգորյանի և Գևորգ Սաֆարյանի պաշտպան Աննա Ջուվանովան ներկայացրեց վերջիններիս պաշտպանական ճառը:

Պաշտպանի խոսքով` հիմնական խնդիրներից մեկն այն է, որ իր պաշտպանյալները չգիտեն, թե ինչ գործողության համար են մեղադրվել, և ելնելով դրանից՝ չեն ընդունել իրենց առաջադրված մեղադրանքը:

Աննա Ջուվանովայի խոսքով՝ իր պաշտպանյալներին մեղադրանք է առաջադրվել ոչ կոնկրետ գործողության համար, մեղադրանքն ընդհանրական է.

«Այս ամենի առկայության դեպքում նրանց մեղավոր ճանաչելը կխախտի արդար դատաքննության սկզբունքը: Գալուստ Գրիգորյանն իր ցուցմունքներում պատմել է իրականությունը, դատարանին հայտնել է այն, թե ինչ է իրականում տեղի ունեցել:

Նախաքննական ցուցմունքները, որոնց հետ համեմատած՝ դատարանը հակասություններ գտավ, քննիչի կողմից ձեռք են բերվել խախտումներով, չի արձանագրվել նաև այն, թե քանի ժամ է հարցաքննվել Գալուստ Գրիգորյանը, այդ մասին Գրիգորյանը դատարանին հայտնել է: Գալուստ Գրիգորյանը չի առնչվել ենթադրյալ խմբի հետ, ավելորդ է խոսել այն մասին, թե նա նպատակ է հետապնդել մասնակցել հանցագործությունների կատարմանը»:

Պաշտպանը նշեց՝ իր պաշտպանյալներին առաջադրված մեղադրանքների հիմքում բացակայում են փաստական հանգամանքներն ու ապացույցները:

Հետևաբար, ելնելով դրանից՝ պաշտպանը դատարանին միջնորդեց արդարացնել Գևորգ Սաֆարյանին և Գալուստ Գրիգորյանին.

«Փաստական հանգամանքները բացակայում են, ապացույց չկա. դատարանին միջնորդում եմ արդարացնել Գալուստ Գրիգորյանին և Գևորգ Սաֆարյանին»:

Նշենք, որ իր ցուցմունքում Գալուստ Գրիգորյանն ասել էր, որ Գևորգ Սաֆարյանին ճանաչել է դատարանում, իսկ Ժիրայր Սեֆիլյանի մասին իմացել է որպես հերոսի՝ Արցախյան պատերազմից, Վարուժան Ավետիսյանին, Պավլիկ Մանուկյանին ու Արամ Հակոբյանին չի ճանաչում:

Մեղադրողի հարցին, թե ինչու է Հովհաննես Պետրոսյանի հետ գնացել հեռուստաաշտարակի մոտ, Գալուստ Գրիգորյանն ասել էր.

«Ճիշտը ասե՞մ՝ ես նրա հետ գնացել էի, որ իրեն շները չուտեն: Ինքը ինչո՞ւ էր գնում՝ ես չգիտեմ»:
 
Նշենք, որ Գևորգ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 35-225-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, իսկ Գալուստ Գրիգորյանին ՝ ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:

Հիշեցնենք, որ մեղադրող դատախազ Ենոքյանը Սեֆիլյանի և գործով մյուս ամբաստանյալների մեղադրանքը համարել է փաստարկված, և Ժիրայր Սեֆիլյանի համար պահանջել 11 տարվա ազատազրկում, Գևորգ Սաֆարյանի և Սասունիկ Կիրակոսյանի համար՝ 4 տարի 6 ամիս, Ներսես Պողոսյանի համար` 4 տարի, Հրայր Թոփչյանի և Գալուստ Գրիգորյանի համար՝ 3 տարի, Հովհաննես Պետրոսյանի համար՝ 2 տարի ազատազրկում: