«Դեղերի մասին» օրենքի նոր կարգավորումների հետևանքով ունենալու ենք ստվերային շրջանառություն. Բաբկեն Պիպոյան
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանն այսօր մամուլի ասուլիսին անդրադարձավ դեղատներից դեղերի բաց թողնման կարգի փոփոխությանը և սպառողների իրավունքներին:
Նա նախ նշեց, որ այս օրենքն այսօր չի գրվել. դրա նախագիծը մշակվել է այն ժամանակ, երբ նախարարը Լևոն Ալթունյանը չէր:
«2016 թվականին օրենք են գրել, երկու տակ ծալել, դրել են բարձի տակ և հիմա էլ հիշել, հանել են: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ առողջապահության նախարարությունը ռեֆորմները միտումնավոր ձախողում է»,- ասաց նա և օրինակ բերեց, թե բոլորը հասկանում են, որ ծխախոտի դեմ պայքար պետք է, բայց իրականությունից կտրված նախագիծ են բերում:
«Ունենք առողջապահական այնպիսի համակարգ, որն իրականացնում է իր գործառույթն այնպես, որ սկսում ես գործ չունենալ այդ համակարգի հետ. ասում են, թե կլինի՝ դուք ոչ մի բան չանեք: Դեղերի մասին մեզ օրենք պետք է. պետք է, որ մարդ անտիբիոտիկ չկարողանա ձեռք բերել, սակայն ռիսկեր պարունակում է»,- ասաց նա և նշեց, որ մարդիկ պետք է իրազեկված լինեն, որ կոռուպցիոն ռիսկեր չկան:
«Բազմաթիվ քաղաքացիներ փորձելու են դեղերը ձեռք բերել դրսից, այսինքն՝ «զապասով» տանը դեղ ունենալ, ինչը նույնպես վատ է»,- ասաց նա և նշեց, որ այս փոփոխության համար պետք է մշակվի գործիքակազմ, որը հիմա բացակայում է:
«Իմ ամենամեծ մտավախությունն այն է, որ մենք ունենալու ենք ստվերային շրջանառություն, դեղատունը առանց դեղատոմսի տալու է այն դեղը, որը պետք է տար դեղատոմսով: Իսկ առողջապահության ոլորտում ստվերային շրջանառությունը ոչ միայն տնտեսությանն է վնասում, այլև կոնկրետ քաղաքացուն»,-ասաց նա և նշեց, որ դժվարանում է ասել, թե արդյոք այս փոփոխությամբ գների աճ կլինի, թե ոչ:










