Սթիվ Ջոբսի ռեզյումեն աճուրդի կհանվի 50 հազար դոլար մեկնարկային գնով

18:44 • 23.02.18

Մարտի 8-15-ը ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքում տեղակայված RR Auction աճուրդային տունն աճուրդի կհանի Apple կորպորացիայի հիմնադիր Սթիվ Ջոբսի ռեզյումեն, որը նա ուղարկել է տեխնոլոգիաների ոլորտում աշխատանք գտնելու համար: Այս մասին հայտնում է Тhe Guardian-ը:

Նշվում է, որ փաստաթղթի գնահատված արժեքը սկսում է 50 հազար դոլարից:

Աղբյուրը մանրամասնում է, որ Ջոբսը այս ռեզյումեն ձեռքով գրել է 1973 թվականին: Հատկանշական է, որ այն մի շարք ուղղագրական և կետադրական սխալներ է պարունակում: Այսպես, օրինակ, նա փոքրատառով է գրել իր ազգանունը:

Ջոբսը ռեզյումեի մեջ նշել է, որ ինքը վարորդական իրավունք ունի, սակայն հեռախոս չունի:

Աճուրդի ժամանակ կներկայացվեն նաև 2001 թվականին Ջոբսի կողմից ստորագրված Mac OS X-ի՝ մոտ 25 հազար դոլար արժողությամբ տեխնիկական ուղեցույցը:

Հիշեցնենք, որ այսօր Nate D Sanders աճուրդային տունն աճուրդի է հանել Սթիվ Ջոբսի ստորագրությամբ անդորրագիրը, որը թվագրվում է 1988 թվականով: