Թուրքական ԶՈւ-ն կրակ է բացել սիրիական Աֆրին ուղևորվող մարդասիրական ավտոշարասյան ուղղությամբ. լրատվամիջոցներ (տեսանյութ)

15:46 • 23.02.18

Թուրքիայի ԶՈւ-ն կրակ է բացել սիրիական Աֆրին ուղևորվող մարդասիրական ավտոշարասյան և այլ մեքենաների ուղղությամբ, ինչի հետևանքով մահացել է մեկ մարդ, վիրավորվել՝ յոթը, այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում անելով քուրդ աղբյուրի:

Նշվում է, որ կրակի տակ են առնվել մեքենաներ, որոնց մեջ եղել են գործողությանը միանալու նպատակով Աֆրին ուղևորվող տեղի բնակիչներ:

Ավելի վաղ Թուրքիայի ԶՈւ Գլխավոր շտաբը հայտնել էր Աֆրին մտնել փորձող զինյալների շարասյան վրա կրակ բացելու մասին:

Հիշեցնենք, որ հունվարի 20-ին թուրքական ԶՈւ-ն սկսել է Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական ազգային զինված ջոկատների (PYD/YPG) դեմ ռազմական գործողությունը, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը:

Օդային առաջին հարձակումներից հետո, հունվարի 21-ին թուրքական ԶՈւ-ի զինվորականներն անցել են լայնամասշտաբ հարձակման նաև ցամաքում: Հայտնի է, որ թուրքական ԶՈւ-ին աջակցում է «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումը՝ ինչպես 2016թ.-ին ձեռնարկված «Եփրատի վահան» գործողության ժամանակ:


Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։