Կադիրովն անիծել է Ստալինին
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը ԽՄԿԿ կենտկոմի գլխավոր քարտուղար Իոսիֆ Ստալինին արյունարբու չարագործ է անվանել և անիծել է նրան: Այդ մասին նա հայտնել է իր Telegram-ի էջում՝ հիշելով 1944 թվականի փետրվարի 23-ի իրադարձությունները, գրում է lenta.ru-ն:
«Հազարամյակներ հաշվարկող չեչեն ժողովրդի պատմության ընթացքում շատ ողբերգական դեպքեր են եղել… Սակայն այդ պատերազմներից ոչ մեկը չի համեմատվի 1944 թվականի փետրվարի 23-ին չեչեն ժողովրդի դեմ Իոսիֆ Ստալինի բռնաճնշումների հետ, թող նա անիծվի դարերով, մեզ զրկեցին ամեն ինչից՝ հայրենի հողից, դարերի ընթացքում ձեռքբերված հարազատ տներից … քշեցին կապարի, ցինկի և ուրանի հանքեր»,- գրել է Կադիրովը:
Նա նշել է, որ բռնաճնշվածների մի մասը մահացել է սովից ու հիվանդություններից, մյուսները ողջ են մնացել «ճշմարիտ հավատի շնորհիվ»:
«Բայց չեչեններին՝ զինվոր-ժողովրդին, աշխատասեր ժողովրդին, հայրենասեր ժողովրդին, անվանեցին ժողովրդի թշնամիներ»,- ասել է Կադիրովը և հավելել, որ երկրի բնակիչները հիշում են ազգային ողբերգությունը, բայց նոր Ռուսաստան են կառուցում:










