Անհայտ անձն ԱՄՆ Խաղաղօվկիանոսյան նավատորմի ամենախոշոր ռազմաբազայում սպառնացել է պայթյուն իրականացնել
Ամերիկյան Վաշինգտոն նահանգում գտնվող ԱՄՆ ռազմածովային ուժերի խաղաղօվկիանոսյան նավատորմի խոշորագույն «Քիթսափ» ռազմաբազայի ղեկավարությունն ուժեղացրել է անվտանգության միջոցառումները։ Դրան նախորդել էր միջադեպը, երբ մի տղամարդ ռազմական օբյեկտի հսկիչ-անցագրային կետում պայթյունով է սպառնացել: Այդ մասին հայտնում է thenewstribune.com-ը՝ վկայակոչելով ռազմաբազայի մամուլի ծառայությանը:
Բազայի հրամանատարության վարկածով՝ անհայտ տղամարդը ջիփով մոտեցել է գլխավոր դարպասներին և հայտարարել է, որ իր մարմնի վրա և մեքենայում պայթուցիկ սարքեր կան: Դրանից հետո վարորդը ձերբակալվել է, իսկ ռազմաբազա մուտքը ժամանակավորապես փակվել է:
Ավելի ուշ ռազմաբազայի հրամանատար Ալան Շրեյդերը հայտարարել է, որ ավտոմեքենան զննելուց հետո ոչ մի վտանգավոր սարք չի հայտնաբերվել:
Միջադեպի առնչությամբ հետաքննություն է անցկացվում։










