«Ես օրը երկու անգամ գինի եմ խմում». Մակրոնը հայտնել է, որ թույլ չի տա գինին ուժեղ ալկոհոլի հետ նույն շարքին դասել
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ թույլ չի տա նույն շարքին դասել գինին ուժեղ ալկոհոլի հետ՝ խոստովանելով, որ ինքն օրը երկու անգամ խմում է «ավանդական ֆրանսիական ըմպելիքը»: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով France Info ռադիոկայանին:
«Հասարակության առողջությունը բախվել է պատուհասի, որն արտահայտվում է նրանում, որ երիտասարդները գնալով ավելի շատ են ուժեղ ալկոհոլ կամ գարեջուր խմում, սակայն գինու դեպքում դա այդպես չէ», - ասել է Մակրոնը մամուլի ասուլիսի ժամանակ:
«Անձամբ ես գինի եմ խմում ցերեկը և երեկոյան», - ասել է Մակրոնը՝ հավելելով, որ իր նախագահության ընթացքում թույլ չի տա «ալկոհոլի և ծխախոտի օրենսդրության խստացման վերաբերյալ որևէ փոփոխություն»:
Ֆրանսիայում ալկոհոլային օրենսդրության խստացման վերաբերյալ քննարկումը սկսվել է փետրվարի սկզբին, երբ երկրի առողջապահության նախարար Անյես Բուզինը հայտնել էր, որ «գինու արդյունաբերությունը ստիպում է հավատալ, որ գինին տարբերվում է մյուս ալկոհոլային խմիչքներից և մի շարք օգտակար հատկություններ ունի»՝ չնայած, ինչպես գիտական, այնպես էլ հասարակության առողջության տեսանկյունից, «գինի խմելը նույնն է, ինչ գարեջուր, օղի կամ վիսկի խմելը»:
Ի պատասխան այս հայտարարության՝ մի շարք գիտնականներ, գրողներ և բժիշկներ հոդված են հրապարակել Figaro-ում՝ կոչ անելով առողջապահության նախարարին «դադարել դեմոնիզացնել գինին, որը ֆրանսիական քաղաքակրթության մասն է»:
Մակրոնը դեռևս նախընտրական քարոզարշավի ժամանակ պաշտպանել է ավանդական ֆրանսիական ըմպելիքը՝ ընդգծելով, որ «գինին կարմիր թելով անցնում է գրականության, կինեմատոգրաֆի և Ֆրանսիայի հավաքական գիտակցության միջով և իրենից ներկայացնում ֆրանսիական ոճով սեղան գցելու մի մասը»:










