Համայնքապետարանի հետ քննարկել ենք, որ Գյումրիում փլուզված շենքի սեփականատիրոջը ստիպեն քայլեր ձեռնարկել․ Նարեկ Սարգսյան (տեսանյութ)

14:53 • 23.02.18

Քաղաքաշինության ոլորտում ներդրումների նկատմամբ հետաքրքրությունը մեծացել է. այս մասին փաստում են վիճակագրական վարչության տվյալները. լրագրողների հետ հանդիպմանն ամփոփելով նախորդ տարվա ընթացքում արված աշխատանքները՝ ասաց ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի ղեկավար Նարեկ Սարգսյանը։

Նախորդ տարվա ընթացքում կատարված կարևոր ծրագրերից Նարեկ Սարգսյանն առանձնացրեց սեյսմիկ ռազմավարության մշակումը, որն արդեն իսկ հաստատվել է կառավարության կողմից։

«Երկարատև գործընթաց է։ Հայաստանում գոյություն ունեցող կառույցների 70%-ը սեյսմիկ չափորոշիչներին չի բավարարում, դրանք ամրացնելը շատ ծանր է լինելու, ուստի մենք մշակեցինք կարճաժամկետ և երկարաժամկետ ռազմավարություն, որը նախատեսվում է մինչև 2030թ․ը ավարտին հասցնել», -ասաց նա:

Նարեկ Սարգսյանն անդրադարձավ նաև այսօր Գյումրիում փլուզված շենքին: Նա նշեց, որ տեղյակ է դրանից՝ տեքստիլի հայտնի շենքերից մեկն է, որը վթարային էր, և փլուզման վտանգ կար։

«Այդ մասնակի փլուզված մասից ինչ -որ մի հատված անձրևներից մշտապես լինելու է փլուզման վտանգի տակ: Իմ տվյալներով՝ այն հատվածը չի փլուզվել, որտեղ մարդիկ ապրում են, բայց ամեն դեպքում, դա մարդկանց համար շատ վտանգավոր է, այդպիսի շենքերում թույլատրված չէ ապրել: Շենքը ունի սեփականատեր. այդ հարցը մենք համայնքապետարանի հետ էլ ենք քննարկել, որ սեփականատիրոջը ստիպեն քայլեր ձեռնարկել: Դա պետական գույք չէ»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ այսօր Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գ.Նժդեհի փողոցի թիվ 7 շենքի 4-րդ հարկից տեղի էր ունեցել փլուզում:

Պարզվել էր, որ փլուզվել է թիվ 7 կիսաքանդ շենքի 4-րդ և 3-րդ հարկերի ծածկի պանելային հատվածը: Փրկարարները տարհանել են 11 բնակչի (2 երեխա), անվտանգության ժապավենով սահմանազատել վտանգավոր հատվածը:

Գյումրու քաղաքապետարանի բնակտնտեսության և համատիրությունների համակարգման բաժնի պետի կողմից տարհանված բնակիչները տեղափոխվել են ժամանակավոր կացարան: