Քաթարի շուրջ ստեղծված դիվանագիտական ճգնաժամը չի վերաճի զինված հակամարտության. երկրի ԱԳՆ
Քաթարի իշխանությունները կողմ են Մերձավոր Արևելքում անվտանգության շուրջ համաձայնագրի կնքմանն ու վստահ են, որ իրենց երկրի շուրջ ստեղծված ներկայիս դիվանագիտական ճգնաժամը չի վերաճի զինված դիմակայության։ Այս մասին հայտարարել է Քաթարի արտաքին գործերի նախարար Մուհամմեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանին ֆրանսիական Le Figaro պարբերականին տված հարցազրույցում, փոխանցում է TACC գործակալությունը:
«Որևէ ռազմական սրում չի լինի: Մենք վստահ ենք, որ վերջնական հաշվով իրավիճակը հսկողության տակ կառնվի», - ասել է քաթարցի պաշտոնյան՝ հավելելով, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Քաթարի էմիր, շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանիի հետ զրույցում հաստատել է ճգնաժամը կարգավորելու իր ցանկությունը, իսկ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն այդ առիթով երեք անգամ ժամանել է Քաթար:
ԱՄՆ-ն նաև կողմնակից է, որպեսզի Քաթարը մասնակցի Պարսից ծոցի արաբական երկրների խորհրդի համագործակցության ամենամյա նիստին, և Քաթարը մտադիր է մասնակցել դրան:
Ըստ Քաթարի ԱԳՆ ղեկավարի՝ Քաթարը միակ երկիրն է, որն արձագանքել է այս առաջարկներին ու ձգտում է իրավիճակի կարգավորմանը:
«Մեր հարևանները շարունակում են հանդես գալ Քաթարի հասցեին իրականությանը չհամապատասխանող մեղադրանքներով: Ընդ որում՝ նրանք ոչ մի անգամ չեն համաձայնվել նստել բանակցային սեղանի շուրջ», - նշել է քաթարցի պաշտոնյան:
Հիշեցնենք, որ 2017 թվականի ամռանը Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Բահրեյնն ու Եգիպտոսը հայտարարել են Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին՝ մեղադրելով Դոհային ահաբեկչությանն աջակցելու և իրենց ներքին գործերին միջամտելու համար։










