Մենք համագործակցության կողմնակից ենք և այս կամ այն դպրոցի հետ մրցակցելու խնդիր չենք դնում. «Սոցիալ Դեմոկրատ Քաղաքական դպրոցի» պատասխանատու
Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցության «Սոցիալ Դեմոկրատ Քաղաքական դպրոցի» պատասխանատու Ռադիկ Կարապետյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով կուսակցության՝ մարտի 1-ից գործող քաղաքական դպրոցին, նշեց, որ դպրոցում ուսուցանվելու են հիմնականում 4 առարկաներ՝ տնտեսագիտություն, սոցիոլոգիա, քաղաքագիտություն, որոնք իրենց հերթին բաժանվելու են ենթամասերի:
«Դպրոցը լինելու է անվճար, դասավանդողները լինելու են պրոֆեսիոնալներ, իրենց գործի գիտակներ: Դպրոցի նպատակն է սերմանել և տարածել սոցիալ-դեմոկրատական գաղափարներ, որոնք, կարծում ենք, շատ մեծ օգուտ կտան թե՛ քաղաքական, թե՛ հասարակական առումով, թե՛ տնտեսական, թե՛ ներքին ինքնակազմակերպման հարցերում»,-ասաց նա:
Դպրոցի պատասխանատուն նշեց, որ թեև դպրոցը ստեղծում են Հնչակյան կուսակցության նախաձեռնությամբ, բայց լինելու է ապակուսակցական:
«Այսինքն՝ դռները բաց են լինելու բոլոր ուղղությունների ներկայացուցիչների համար, քանի որ մենք նպատակ չենք դնում մեզ համար կուսակցության ինչ-որ փոքր ճյուղ պատրաստել, այլ նպատակ ենք դնում տալ համապատասխան գաղափարներ, թե ինչ է սոցիալ-դեմոկրատիան»,-ասաց նա:
Հարցին, թե վերջերս տարբեր կուսակցություններ բացեցին քաղաքական դպրոցներ, ինչո՞ւ պետք է ընտրեն հենց իրենց դպրոցը, Ռադիկ Կարապետյանը նշեց. «Մենք չենք պատրաստվում գայթակղել, թե մեր դպրոցում դասավանդելու են այս կամ այն բարձրաստիճան պաշտոնյաները, չենք պատրաստվում ինչ-որ մարգինալ գաղափարներ տալ և հետո նրանցից պատրաստել քաղաքական լիդերներ, այլ մենք փորձում ենք կրթել, տալ որակյալ կրթություն»։
Ինչ վերաբերում է այլ քաղաքական դպրոցների հետ մրցակցությանը, ապա նա ասաց, թե չեն կարծում, որ կրթությունը պետք է հիմնվի մրցակցության վրա:
«Որպես սոցիալ-դեմոկրատներ՝ մենք ոչ թե մրցակցության սկզբունքի կողմնակից ենք, այլ՝ համագործակցության։ Մենք մեր առաջ չենք դնում խնդիր՝ մրցակցել այս կամ այն դպրոցի հետ, այլ խնդիր ենք դնում մեր սաներին կրթել համապատասխան կերպով, այսինքն՝ բարձրագույն մակարդակով»,-ասաց նա:










