Վաշինգտոնը չի բացառում Սիրիայի կառավարական զորքի դեմ ռազմական ուժի կիրառումը. ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան

15:28 • 23.02.18

Վաշինգտոնը չի բացառում Սիրիայի կառավարական ուժերի դեմ ռազմական ուժի կիրառումը, եթե ապացուցվի Արևելյան Ղուտայում քիմիական զենքի կիրառման լուրը։ Այս մասին հայտնել է ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին, գրում է РИА Новости գործակալությունը:

«Ռազմական լուծումը չի բացառվում ցանկացած դեպքում: Մենք չենք ցանկանում լինել սիրիական հիմնախնդրի կիզակետում, սակայն ցանկանում ենք անել առավելագույնը՝ մարդկանց քիմիական զենքից պաշտպանելու համար», - ասել է Հեյլին՝ նշելով, որ հրթիռային հարվածները հենց այնպես չեն հասցվում:

«Նախագահ Դոնալդ Թրամփն արդեն հասկացրել է, որ չի պատմելու իր պլանների մասին, սակայն Բաշար ալ Ասադը գիտակցում է, որ եթե մենք տեսնենք քիմիական զենքի կիրառման ապացույցներ, ապա գործելու ենք», - հավելել է ամերիկացի պաշտոնյան:
 
Նշենք, որ անցյալ ամիս ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը մեղադրել է Սիրիայի իշխանություններին Արևելյան Ղուտայում քիմիական զենքի կիրառման համար: